Շուշին՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո (լուսանկարներ, տեսանյութ)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է լուսանկարներ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծությունից հետո:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ կեսօրին ռազմական ավիահրթիռներով ռմբակոծվել է նաև Շուշին, որի հետևանքով քաղաքացիական 2 անձ վիրավորվել են, մեկը՝ զոհվել:
Քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ, այդ թվում ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն, մասնակի վնասվել է Խ.Աբովյանի անվան դպրոցը։
Շուշիի, ինչպես նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական կողմը հոկտեմբերի 28-ին «Սմերչ»-ով հարվածներ է հասցրել: Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ: Ստեփանակերտի ծննդատունը դարձել է թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են: