Իրանի ԱԳ փոխնախարարը մեկնել է Բաքու՝ իրենց նախաձեռնած խաղաղության ծրագիրը ներկայացնելու

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին Բաքու է մեկնել որպես հատուկ բանագնաց Իրանի նախաձեռնած ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու համար:  Ինչպես հաղորդել է «ԻՌՆԱ» գործակալությունը, այցի ընթացքում նախատեսված են քննարկումներ Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Արաղչին հայտնել է, որ կլինեն այցելություններ նաև տարածաշրջանի այն երկրներ, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև կոֆլիկտի հանգուցալուծմանը: Այցելությունների ժամանակ կներկայացվեն երկարատև խաղաղության հաստատման Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնության մանրամասները:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հոկտեմբերի 27-ին ԻԻՀ խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցելով Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը, հայտարարել էր, որ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որը պետք է ներկայացնեն Բաքվում, Երևանում, Մոսկվայում։ Զարիֆը հավելել է, որ իրենց անհանգստացնում է տարածաշրջանում թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը: