Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել ընթացիկ ռազմական գործողությունների, ինչպես նաև հակամարտության մեջ Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավմամբ», – ասված է հայտարարության մեջ:

Աղբյուրը հավելում է, որ Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և հնարավորինս արագ զինադադարի հասնելու, ճգնաժամը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգումը Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև», – ասվում է հաղորդագրության մեջ: