Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական ու տեխնոլոգիական առավելությունը․ Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ նշեց, որ պատերազմը շարունակվում է, բայց այն իր բնույթը որոշակիորեն փոխել է։

«Մեր զինված ուժերն այսօր այն նույն ուժգնությամբ, նույն արագությամբ ու բարդությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր լեռներում, կիրճերում ու անտառներում։ Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել՝ թողնելով որոշակի տեխնիկա։ Բայց այս պատերազմն ու պայքարը իր բնույթով որոշակի առանձնահատկություն ու բարդություն ունի։

Հակառակորդը կորցրել է ահռելի քանակական ու տեխնոլոգիական առավելությունը։ Դա գալիս է տարբեր հանգամանքներից։ Առաջին հերթին՝ տեղանքից, հետո՝ մեր հմտությունների կատարելագործումից ու փորձից։ Իրավիճակն այլ է։ Դինամիկ զարգացումների տեղեկությունները մենք մշտապես չենք կարող հայտնել, որովհետև նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը։ Վստահ եղեք, հաղթելու ենք»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ գյուղերի ուղղությամբ, որպես կանոն ադրբեջանական դիվերսիոն փոքր խմբեր են մոտենում, որոնք բերում են թեթևազեն սպառազինություն:

«Մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են անտառներով և լեռներով, փորձում են այլ ուղղություններ զարգացնել և այս ուղղությամբ 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են: Հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնց միացած են ահաբեկչական հրոսակախմբերը և այլոք, փորձում են զարգացում ապահովել բարդ անտառա-լեռնային տեղանքում, որտեղ այնքան էլ դա հեշտ չի հաջողվում: Ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: