1993 թ. Ադրբեջանը տապալում էր հրադադարների բոլոր պայմանավորվածությունները, արդյունքները հայտնի են. Արծրուն Հովհաննիսյան

Հետաքրքիր է, թե ինչպես է կրկնվում պատմությունը 27 տարի անց, 1993թ. Ադրբեջանը տապալում էր հրադադարների բոլոր պայմանավորվածությունները (Կազիմիրովի գիրքը կարդացեք), արդյունքները հայտնի են։ Այս մասին գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  բազմաթիվ փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացնում է դիվերսիոն ներթափանցման փորձեր, հրթիռակոծում է խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, նաև քաղաքացիական հիվանդանոց։