Բացահայտվել են լրտեսության, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Պատերազմական գործողությունների սկսվելու օրվանից մինչև օրս Ազգային անվտանգության ծառայությունը 24-ժամյա գրաֆիկով իրականացնում է իր վրա դրված պարտականությունները, այդ թվում նաև՝ արտաքին հետախուզության, հակահետախուզության, ռազմական հակահետախուզության ուղղությամբ. Քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:

Նրա խոսքով՝ կան բացահայտված դեպքեր պետական դավաճանության և լրտեսության բացահայտման, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ, կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների վերաբերյալ և այլն:

Արմեն Աբազյանը նշեց, որ արտաքին հետախուզության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մասնավորապես, Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող տեղեկատվավերլուծական աշխատանքների արդյունքում գնահատվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլև գործողությունների ընթացքում հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները: Արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող խաղաղ գրոհայինների զրույցները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղակայված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ:

«ԱԱԾ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում նաև ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում: Մասնավորապես, պաշտպանության նախարարի, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի համատեղ հրամանների համաձայն և ռազմական ոստիկանության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի ավտոճանապարհային որոշ հատվածներում տեղադրվել է 10-ից ավելի անցակետեր, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների ներթափանցումը և դիվերսիոն խմբերի բացահայտումը ՀՀ-ում: Այդ շրջանակում արձանագրվել է զենք- զինամթերքի Հայաստան տեղափոխելու մի շարք դեպքեր, որի ուղղությամբ ոստիկանության հետ համատեղ իրականացվել են համապատասխան աշխատանքներ»,- նշեց նա:

ԱԱԾ տնօրենի տեղակալը տեղեկացրեց, որ պատերազմական գործողությունների սկսվելուց հետո տեղեկատվական անվտանգության ուղղությամբ աննախադեպ աճել  է պետական համակարգի վրա հարձակումների քանակը: Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս գրանցվել է կիբերհարձակման շուրջ 692 հազար դեպք:

Ըստ նրա՝ ծառայության կողմից հնարավոր է եղել ապահովել պաշտոնական կայքերի և պետական տեղեկատվական համակարգերի բնականոն գործունեությունը: Համացանցում տեղադրված կեղծ հրապարակումների վերաբերյալ սոցցանցերում խուճապային տեղեկություններ տարածելու և մարտական գործողություների վերաբերող լուսանկարներ  և տեսագրություններ տարածելու ուղղությամբ կատարված կանխարգելիչ  գործողություների շրջանում գրանցվել է 245 դրվագ, որոնք փոխանցվել է ՀՀ ոստիկանություն և իրականացնում են համապատասխան աշխատանքներ: