Ամերիկահայ երիտասարդները հացադուլ են սկսել ԼՂ-ը ճանաչելու պահանջով

ԱՄՆ-ում Հայ երիտասարդների ֆեդերացիայի անդամները հացադուլ են սկսել։ Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտում Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ իրականացվող գործողություններին թույլ արձագանքման նկատմամբ։

Բողոքի ակցիայի պահանջներն են՝ Արցախի ճանաչումը,  Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։

Հացադուլից առաջ հայ համայնքը քայլերթ է իրականացնել դեպի ԱՄՆ-ում ադրբեջանական հյուպատոսարանի շենք։

«Մեր պայքարը կշարունակվի այնքան, քանի դեռ Արցախը չի ճանաչվել և մեր ժողովուրդը կապրի հետապնդումների մշտական սպառնալիքի տակ»,- հացադուլի մասնակիցների խոսքը մեջբերել է ԱՄՆ-ում Հայ երիտասարդների ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, նաև քաղաքացիական հիվանդանոց։