ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը. Վահրամ Պողոսյան

ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները»,-գրել է Վահրամ Պողոսյանը:

Նշենք, որ մարտական դիրքում վիրավորվելու պատճառով Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, նաև քաղաքացիական հիվանդանոց։