Թուրքերն ու «կովկասյան թաթարները» ջանում են Իրանին ներքաշել պատերազմի մեջ

Սեպտեմբերի 22-ին իրանական լրատվամիջոցները ծայրաստիճան զարմանալի հաղորդագրություններ են տարածել: Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմական գոտուց մոտ 70 հրթիռ և արկ ընկել են Իրանի սահմանային Խոդաֆերին քաղաքի տարածքում, այդ օրը հայտարարել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի փոխնահանգապետ Ալիյար Ռաստգուն, հաղորդում է իրանական «Mehr News» գործակալությունը: «Հրթիռները խոցել են մի քանի գյուղեր, բայց բարեբախտաբար մեծ վնաս չեն հասցրել»,- նշել է պաշտոնյան: Ռաստգուն կրկնել է, որ հակամարտության կողմերը նախկինում բազմիցս նախազգուշացվել էին Իրանի զինված ուժերի կողմից նման գործողությունների անթույլատրելիության մասին, որոնք վտանգում են Իրանի քաղաքացիների կյանքը:

Արդեն հայտնել ենք, որ իրանցիները սկսել են երկրի ՀՕՊ ուժերի, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումների լայնամասշտաբ զորավարժություններ: «Երկնքի պաշտպաններ» ծածկագրով զորավարժությունները կապվա՞ծ են Իրանի հյուսիսային սահմանների մոտակայքում շարունակվող ռազմական գործողությունների հետ, չի նշվել: Իսկ հոկտեմբերի 20-ին Արցախից տեղեկություն եկավ ռազմաճակատի հարավային հատվածում՝ Խոդաֆերինի ջրամբարի շրջանում, Իրանի տարածքին մոտ գտնվող ծանր մարտերի մասին: Հաղորդումներ կային նաև Արցախի վրա երկնքում խոցված, Իրանի տարածքում ընկած «կովկասյան թաթարների» անօդաչու թռչող սարքերի մասին: Այնուհետև Ռաստգուն, պատասխանատու լինելով հյուսիսային նահանգների քաղաքական և անվտանգության հարցերի համար, հաղորդել է, որ Իրանը անհրաժեշտ նախազգուշացումներ է արել հակամարտող բոլոր երկրներին՝ իրանական գյուղերի վրա ականանետային հարձակումների հետևանքների մասին: IRNA գործակալությունը հայտնել է, որ նահանգի գերագույն մարմինը նամակ է ուղարկել նաև Իրանի ԱԳՆ՝ խնդրելով դիտարկել այս հարցը դիվանագիտական ​​ուղիներով: Պարոն Ռաստգուն (ով, ի դեպ, ներկայացնում է Իրանի ԻՀՊԿ…) այդ ժամանակ ևս մեկ անգամ հիշեցրել է աշխարհին և տարածաշրջանի երկրներին, որ իրանցի զինվորականները ներկա են տարածաշրջանում և ուշադիր հետևում են իրավիճակին: Սակայն հիմա «կովկասյան թաթարները» հստակ ցույց են տվել, որ Թուրքիան հրամայել է հրետակոծել Իրանի տարածքը, և արդեն օգտագործվում են հրթիռներ ու հրետանային արկեր:

Իսկ ահա, թե ինչ էր հաղորդում իրանական «Azariha» տելեգրամ-ալիքը հոկտեմբերի 22-ին՝ տեսանյութերում ցուցադրելով Իրանի սահմանամերձ բնակավայրերի ավերածությունները` Իրանի սահմանների երկայնքով «կովկասյան թաթարների» զորքերի գործողությունների պատճառով (https://www.youtube.com/watch?fbclid=IwAR1tThS3xNoLwNpJ5066JaTkOKoEdEwfpXcQhcIbXuPZ13wSj6-d48nSLIc&feature=youtu.be&v=g6-NcYS5Zco&app=desktop): «Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն, Բաքվի ուժերը տեղակայվել են արևելք-արևմուտք ուղղությամբ: Մյուս կողմից՝ Բաքուն անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան և թաքֆիրիստներին է (Սիրիայից և Թուրքիայից ժամանած ահաբեկիչներ) տեղակայել Իրանի սահմանին: Արդյոք ժամանակը չէ՞, որ իրանական բանակը բուֆերային գոտի հայտարարի Լեռնային Ղարաբաղի խորքում»,- գրում է «Azariha» տելեգրամ ալիքը: Փոխնահանգապետ Ռաստգուն նշել է, որ հրթիռները խոցել են մի քանի գյուղերի, բայց բարեբախտաբար մեծ վնաս չեն պատճառել: Զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան: «Հակամարտության կողմերը նախազգուշացվել են նման գործողությունների անթույլատրելիության մասին, իշխանությունները միջոցներ են ձեռնարկել նաև հետագայում նման դեպքերը կանխելու համար»,- շեշտել է նա:

Այսպիսով, «Բաքվի հանրապետությունը» և Թուրքիան թքել են Իրանի բազմաթիվ նախազգուշացումների վրա այն մասին, որ Իրանի տարածքի նկատմամբ ոչ մի, նույնիսկ ոչ կանխամտածված ագրեսիա անընդունելի է: Այժմ, ըստ ամենայնի, աշխարհը կսպասի, թե ինչպես երկու ագրեսորներին կպատասխանի պաշտոնական Թեհրանը: Իհարկե, կարիք չկա մտածելու, որ Իրանը «նստում և երազում է», թե ինչպես միջամտել մեր պատերազմին: Ընդհակառակը, Իրանը անընդհատ նախազգուշացրել է տարածաշրջանի բոլոր պետություններին, որ անհրաժեշտ է վերադառնալ խաղաղ գոյակցությանը և խնդիրները լուծել բանակցությունների միջոցով: Սակայն տվյալ դեպքում Իրանը, անշուշտ, պատասխանատվության կենթարկի Թուրքիային և «կովկասյան թաթարներին»: Իսկ ինչպիսի պատասխանատվության, մենք դեռ ի վիճակի չենք կանխատեսել: Ամենայն հավանականությամբ, Իրանի պատասխանը ինչ-որ կերպ կհամաձայնեցվի և կհամակարգվի Ռուսաստանի հետ: Քանզի, հոկտեմբերի 21-ին Sputnik ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզոդան ասել է, որ Թեհրանը Ռուսաստանը դիտարկում է որպես ռազմական և պաշտպանության առանցքային գործընկեր. «Այժմ Թեհրանի և Մոսկվայի միջև բանակցությունները տեղի են ունենում Պաշտպանության ոլորտում համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում: Նույն շրջանակներում են իրականացվում երկու երկրների պաշտոնատար անձանց համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ»: Ներկայիս ամենաառեղծվածային հարցը հենց այն է, որ ոչ ոք հստակ չգիտի, թե Իրանն ու Ռուսաստանը ինչպես են համաձայնության գալու և ինչ ձևով կնախընտրեն պատասխանել Անկարային և Բաքվին՝  հազարավոր թաքֆիրիստ ահաբեկիչների Կովկաս նետելու համար: Կապրենք՝ կտեսնենք…

Սերգեյ Շաքարյանց