Թուրքամետ վարձկանների հրամանատարն ասել է, որ իրենք Ադրբեջանում կռվում են ընդդեմ ռուսների

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը «Թվիթերում» գրել է, որ թուրքամետ «Սուլթան Մուրադ» սիրիական ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկն իրեն հայտնել է, որ սիրիացիները թե՛ Լիբիայում, թե՛ Ադրբեջանում կռվում են «ռուսների դեմ»։

«Ըստ նրա, սիրիացիները Լիբիայում և Ադրբեջանում կռվում են ռուսների դեմ, քանի որ ռուսները սիրիացիների ամենամեծ թշնամին են»,- գրել է լրագրողը։

Լրագրողը նաև տեղեկացրել է, որ իր լուսաբանումից դժգոհ «Սուլթան Մուրադ»-ի հրամանատարն իրեն առաջարկել է Թուրքիա գնալ՝ անձնապես զրուցելու համար»:

Բացի դրանից, լրագրողուհին հրապարակել է հրամանատարից ստացած հաղորդագրությունը, որում, մասնավորապես, ասվում է․«Արդեն ասացի, եթե ցանկանում ես քեզ պատմեմ այն, ինչ գիտեմ, արի Թուրքիա և զրուցիր ինձ հետ, ու դու կփոխես քո տեսակետը։ Եթե ինքդ չես կարող գալ, ուղարկիր քեզ վստահելի մեկին»։

Սնելը տևական ժամանակ լուսաբանում է սիրիական պատերազմը ու հատուկ ռեպորտաժներ է ներկայացնում ռազմական հակամարտությունների գոտիներից: ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսումից հետո լրագրողը հաճախ լուրեր է հրապարակում Սիրիայից վարձականների մասին, որոնք մեկնել են հակամարտության գոտի: