Արցախի գանձերը. Գտչավանք

Գտչավանք /Գտիչի վանք/ վանական համալիրը /13-րդ դ./ գտնվում է Տող գյուղի վարչական տարածքում՝ Տողասար կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջի գոգավորությունում: Նախկինում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի տարածքում։
Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում Եսայի Ապու-Մուսեի նստավայրն էր։ 13-րդ դարի կեսերին Գտչավանքը ընդարձակվում է, ավելանում են նոր շինություններ։ Մելիք Ավանի՝ նույն ինքը Եգանի իշխանության ժամանակ Գտչավանքը հասնում է իր զարգացման գագաթնակետին՝ դառնալով ժամանակաշրջանի նշանավոր վանական համալիրներից մեկը։
Որպես եպիսկոպոսանիստ՝ հիշատակվում է վաղ միջնադարից։ Սկզբում գտնվել է Առանշահիկ իշխանության, իսկ 8-րդ դարում անցնում է Դիզակի ճյուղի հովանավորության տակ։ 15-րդ դարում Գտչավանքը դարձել է նաև մշակութային կենտրոն, ունեցել է գրչատուն, այստեղ հավաքված էին բազմաթիվ նշանավոր գրչագրեր: 1868 թ. երկրաշարժի հետևանքով Գտչավանքն ավերվում և լքվում է:
Գտչավանքը կազմված է գլխավոր եկեղեցուց, գավթից և ևս մի քանի եկեղեցիներից։ Արևմտյան կողմում դեռևս պահպանվում են բնակելի շինությունների և պարսպի ավերակները։ Վանքի շուրջը տարածվում է գերեզմանատունը, որի մեծ մասն ավերված է։ Վանքի գլխավոր եկեղեցու հարդարանքի որոշ մոտիվներ հիշեցնում են Ամարասի և Գանձասարի եկեղեցիների զարդարանքը։
Գտչավանքի վերականգնման աշխատանքներն իրականացվել են 2005-2007 թթ.՝ վերականգնող ճարտարապետ Մերի Դանիելյանի մասնակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍՆ