Էրդողանը կարծում էր, թե բանախոսում է ոչ թե աշխարհի երկրների ղեկավարների, այլ Թուրքիայի գյուղապետերի առջև․ Քըլըչդարօղլու

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «ամոթալի» է որակել Էրդողանի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ-ի 71-րդ նստաշրջանում, փոխանցում է parstoday.com-ը։

Անկարայից Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» առաջնորդն ասել է. «Ես որպես Թուրքիայի քաղաքացի և այս երկրի կառավարության ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ` ամաչում եմ, որ Էրդողանը նման բովանդակությամբ ելույթով  է հանդես եկել, քանզի նրան թվում էր, թե բանախոսում է ոչ թե աշխարհի երկրների ղեկավարների, այլ Թուրքիայի գյուղապետերի առջև»:

«Էրդողանը կարծում էր, որ աշխարհին ներկայացրեց Ֆեթուլլահ Գյուլենի իրական դեմքը  և նրա կողմից աշխարհին սպառնացող վտանգը, մինչդեռ   իր ելույթով առիթ հանդիսացավ, որպեսզի աշխարհն ավելի լավ ճանաչի գյուլենական համայնքին»,- հավելել է Քըլըչդարօղլուն: