Այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր. նկատվել են դիվերսիոն խմբեր․ Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ռազմական գործողությունները հյուսիսից մինչև հարավ։ Նախ հյուսիսում վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ որոշակիորեն զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին»,- տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով, Հադրութից հյուսիս, Մարտունիից՝ հարավ, մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղին հարակից անտառներում, նկատվել են դիվերսիոն խմբեր, այլ հատվածներում շարունակվել են դրանց որոնման և ոչնչացման աշխատանքները։

«Որպես կանոն՝ դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են մեր ԶՈՒ ստորաբաժանումները»,-նշեց Հովհաննիսյանը։

Ողջ օրվա ընթացքում հարավային ուղղությամբ դեպի հյուսիս և դեպի արևմուտք հակառակորդը ձեռնարկել է տասնյականգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով, ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվել են, այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր՝ ասաց Հովհաննիսյանը: