Թուրքիան Արցախի հարցով բանակցություններին մասնակցելու նույն իրավունքները չունի, ինչ Ռուսաստանը

Հայաստանն ու Ռուսաստանը պետք է այս ճշմարտությունը մտցնեն մերօրյա ֆյուրերի չոր գլուխը

Թուրքիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի շուրջ Ադրբեջանի պայքարին ընդդեմ Ռուսաստանի կողմից աջակցվող Հայաստանի. այս մասին գրել է ամերիկյան հանրահայտ «Business Insider» կայքը: Դե, ամերիկյան նշված լրատվամիջոցից ավելին սպասել չէր կարելի…

Ակնհայտ է իրականության անխիղճ աղավաղումը, քանի որ, նախ, ներկայիս պատերազմը ներկայացված է իբրև Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն, Ադրբեջանի պայքար ընդդեմ Հայաստանի: Մինչդեռ իրականությունն այն է, որ Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ պատերազմ է սանձազերծել, քանի որ մերժում է նրա ինբնորոշման և անվտանգության երաշխիքներ ունենալու իրավունքը, չի ընդունում Արցախի անկախությունը, չի հաշտվում տվյալ իրողության հետ, ցանկանում է ամբողջապես տիրել նրա տարածքին ու հայաթափել Արցախը, այդ թվում նաև` այն ցեղասպանության միջոցով, որն այժմ փորձում է իրականացնել Արցախի բնակավայրերը հրթիռակոծելու և ռմբակոծելու, քաղաքացիական խաղաղ բնակչությանը սպանելու միջոցով:

Այլ խնդիր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, տարբեր առումներով օգնել և աջակցում է նրան, ինչը, սակայն, չի նշանակում Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ Ադրբեջանի դեմ հակամարտող կողմ լինել:

Եվ երկրորդ. ըստ էության, այնպես է ներկայացված, թե Թուրքիան ներկայիս հակամարտությունում աջակցելով Հայաստանի դեմ Ադրբեջանի պայքարին, փորձում է հավասարակշռություն ապահովել, քանի որ Ռուսաստանն էլ աջակցում է Հայաստանին: «Business Insider»-ն այսպիսով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թելն է թելել:

Թուրքիայի նախագահը երեկ, «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ, այն կարծիքն է հայտնել, որ Թուրքիան և Ռուսաստանը ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն:

«Ադրբեջանը հայտարարում է, որ եթե Երևանը կողմ է խաղաղ գործընթացին Ռուսաստանի մասնակցությանը, ապա Բաքուն առաջարկում է ներգրավել Թուրքիային,- ասել է Էրդողանը:- Այսինքն՝ բանակցությունների սեղանի շուրջ պետք է լինեն ինչպես Մոսկվան, այնպես էլ Անկարան»:

Ամերիկյան պարբերականը և Էրդողանը, սակայն, անտեսում են այն իրողությունը, որ Ռուսաստանը բանակցություններում երբեք կողմնակալ միջնորդ չի եղել, միշտ հավասարակշռություն է պահպանել Ադրբեջանի և Հայաստանի մոտեցումների, շահերի նկատմամբ իր վերաբերմունքում: Մինչդեռ Թուրքիան թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցություններում միջնորդ կողմ չէ, հակամարտության սկզբից առ այսօր կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել ու ցուցաբերում հօգուտ Ադրբեջանի` թե դիվանագիտական, քաղաքական, թե ռազմական ասպարեզներում:

Մազաչափ անգամ կասկածի տեղիք չի տալիս, որ բանակցություններում որպես միջնորդ Թուրքիայի ընդգրկվելու պարագայում, նրա կողմնակալ վերաբերմունքը շարունակվելու է, ինչն էլ հենց բացառում է Թուրքիայի բանակցային կողմ լինելը, Հայաստանի և Արցախի համաձայնությունն այդ հարցում: Հասկանալի է, որ առանց նշված համաձայնության, Թուրքիան չի կարող լինել բանակցությունների սեղանի շուրջ:

Էրդողանը և ամերիկյան կայքն անտեսել են նաև, որ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունենալով ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ, ոչ միայն դիվանագիտական, քաղաքական ասպարեզներում հավասարակշռություն է պահպանել ու պահպանում, այլև տնտեսական ոլորտում Ադրբեջանի ռազմավարական գործընկերներից է, ավելին` ռազմական ոլորտում մինչև վերջերս աջակցել է նաև Ադրբեջանին` նրան միլիարդավոր դոլարների զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա վաճառելով, ինչպես նաև ռազմական մասնագետների պատրաստման, վերապատրաստման գործում:

«Business Insider»-ը ճիշտ է գրել, որ Թուրքիան վերջին տարում մասնակցել է նաև Սիրիայում և Լիբիայում Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերի դեմ պրոքսի-հակամարտություններին: Իրականությանը մասամբ համապատասխանում է նաև տվյալ հրապարակման մեջ ներկայացված ՆԱՏՕ-ի վերլուծաբանի այն կարծիքը, որ Էրդողանն այս պահի դրությամբ հետ է գցել 2020թ. Պուտինի ծրագրերի մեծ մասը (ասվածը կարող է վերաբերվել միայն Սիրիայում ՌԴ ծրագրերի մի մասին): Սակայն Սիրայում (Իդլիբում) իրավիճակը սկսել է փոխվել, քանի որ Ռուսաստանն այնտեղ արդեն մի քանի ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների պատրաստման ճամբարներին և, դատելով ամենից, առաջիկայում էլ շարունակելու է նրանց ոչնչացման գործողությունները:

Ճիշտ է, Ռուսաստանը չի կարող Թուրքիային արգելել օգտագործել իր անօդաչու թռչող սարքերը, որոնք թեև իսկապես արդյունավետ, բայց էժան չեն, ինչպես ՆԱՏՕ-ի վերլուծաբանն է նշել հիշյալ հրապարակման մեջ, սակայն արդեն ունի ՀՕՊ այնպիսի միջոցներ, որոնք թույլ են տալիս շարքից հանել թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ները: Հոկտեմբերի 19-ից մենք դրանում համոզվեցինք Արցախում:

Արթուր Հովհաննիսյան