«Գազա-լրտեսական» սկանդալ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև

Հոկտեմբերի 21-ին աշխարհը տեղեկացել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հերթական սկանդալի մասին, և, մեր կարծիքով, այս միջադեպն ավելի կբարդացնի «երկխոսությունը» Մոսկվայի և Անկարայի միջև: Ռուսական «Գազպրոմի» և թուրքական երկու ընկերությունների միջև բանակցությունները գազային պայմանագրերի ճակատագրի շուրջ, որոնք ավարտվում են հաջորդ տարի, կանգ են առել: Թուրքիայի գաղտնի ծառայությունը (MIT) հետաքննում է գաղտնի տեղեկությունների արտահոսքը՝ Անկարայից դեպի Մոսկվա: Ընդ որում՝ թուրքական ԶԼՄ-ները հետաքննության մանրամասներ չեն հաղորդում, սակայն, ինչպես հաղորդում է Intelligent Cooperative Information System-ը(ICIS), վկայակոչելով գործին ծանոթ աղբյուրների, մեկ ամիս առաջ MIT-ը հարցաքննել է Սև ծովում հայտնաբերված հանքավայրի, ներմուծվող գազի գների և մատակարարման տվյալների մասին տեղեկատվության փոխանցման կասկածյալներին: ICIS-ը նշում է, որ վերջերս «Գազպրոմը» բանակցում էր երկարաժամկետ պայմանագրերի ճակատագրի շուրջ`տարեկան 7,75 միլիարդ խորանարդ մետր մատակարարման համար թուրքական ​​«Botas» պետական և մասնավոր «Bosphorus Gaz» ընկերությունների հետ: Հաջորդ տարի պայմանագրերի ժամկետը լրանում է, և կողմերը քննարկել են դրանց երկարաձգումն ու վառելիքի գների ծայրահեղ կարևոր հարցը:

ICIS-ը շատ տեղեկացված կառույց է: Սա քիմիական շուկայում շատ մեծ գլոբալ վերլուծական ընկերություն է, և համեմատաբար վերջերս ICIS-ը՝ «MRC» ընկերության հետ համատեղ, սկսել է հրապարակել ԱՊՀ շուկայում շաբաթական գների հաշվետվությունները: ICIS-ի աղբյուրները նշել են, որ բանակցություններն արդեն բարդանում են նրանով, որ Թուրքիան և Ռուսաստանն աջակցում են Սիրիայի, Լիբիայի և մեր Արցախի հակամարտությունների տարբեր կողմերին: Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցներից մեկը պարզաբանել է, որ հետաքննությունը ցույց կտա՝ տեղեկատվության փոխանցումը եղել կոնկրետ մարդկա՞նց միջև, թե՝ դրանում ներգրավված են իրենք՝ ընկերությունները: «Առաջիկա օրերին հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյո՞ք թուրքական EMRA կարգավորիչը ետ կկանչի «Bosphorus Gaz»-ի արտոնագիրը, թե ոչ»,- ասել է մյուս զրուցակիցհը: Նա ենթադրում է, որ այդպիսով կվտանգի տակ «Գազպրոմի» միաժամանակ երկու երկարաժամկետ պայմանագրերը՝ 2.5 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համար: Մեկն ավարտվում է հաջորդ տարի, մյուսը՝ 2043 թվականին: Միևնույն ժամանակ, առաջին աղբյուրը ICIS- ին հայտնել է, որ բավարար ապացույցներ չկան մեղադրանքները հաստատելու համար: «Վերջին տարիներին այդքան շատ մարդ է եղել բանտերում՝ առանց բավարար ապացույցների: Ինչպե՞ս իմանալ, արդյոք (Գազպրոմի) գործը դրանցից մեկը չէ»,- ասել է նա:

Թուրքական «Daily Sabah» թերթը հայտնում է, որ մեկ ամիս առաջ բերման են ենթարկվել «Bosphorus Gaz»-ի գործադիր տնօրենի տեղակալ Էմել Օզթուրքը և մասնավոր թրեյդերի ևս հինգ աշխատակիցներ: Ըստ թերթի տվյալների՝ գաղտնի տեղեկատվության փոխանցման մասին հայտնի է դարձել դեռ ապրիլին: Էմել Օզթուրքը, իբր, անմիջական կապ է ունեցել օտարերկրյա ընկերության երեք ներկայացուցիչների և նույնիսկ ռոմանտիկ կապ է ունեցել արտասահմանյան դեսպանատան հետախուզության սպայի հետ, որին նույնպես տեղեկություններ է փոխանցել։ «Bosphorus Gaz»-ի հինգ աշխատակիցներ իբր տեղեկություն են հավաքել Թուրքիա գազամատակարարման, դրանց գների վերաբերյալ և ամսական փոխանցել ք օտարերկրյա ընկերության: Պետք է իմանալ, որ մինչև 2018 թվականը «Bosphorus Gaz»-ը վերահսկվում էր «Գազպրոմի» կողմից, որն այնուհետև վաճառել է ընկերության բաժնետոմսերի 71%-ը ընկերության գործադիր տնօրեն Ադնան Սենին: Այն մասին, որ ռուսական ընկերությունը նախատեսում է ազատվել թուրքական թրեյդերից, «Գազպրոմում» խոսում էին դեռ 2017 թ. կեսերին. «Թուրքական շուկայում իրադարձությունները բարդ են, այդ թվում նաև Թուրքիայում տնտեսական ծանր իրավիճակի պատճառով: Վերջին քաղաքական իրադարձությունները մեծապես ազդել են թուրքական լիրայի փոխարժեքի վրա, գները շարունակում են կարգավորվող մնալ, գործում է «Botas»-ի կողմից վաճառվող գազի սուբսիդավորման մեխանիզմ: Փաստացի, Թուրքիայում լիարժեք ազատ գազի շուկա ինչպես չի եղել, այնպես էլ չկա: Եվ այս առումով, առավելևս, եթե տեսնենք, թե թուրքական կողմից ինչ գործողություններ են ձեռնարկվում այլ մասնավոր ընկերությունների հետ, մենք սկսել ենք քննարկել այդ ակտիվից տնտեսական և անկանխատեսելիության պատճառով դուրս գալու հարցը»,- 3 տարի առաջ ասում էր «Գազպրոմ»-ի նախկին փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը։

Թուրքիայում ռուսական գազի ամենախոշոր գնորդը պետական «​​Botas» ընկերությունն է: Հաջորդ տարի ավարտվում է ընկերության հետ տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիրը, իսկ 2028 թվականին՝ 16 միլիարդ խորանարդ մետրի համար պայմանագիրը: Անցած տարի ռուսական գազի մատակարարումները Թուրքիա սկսել են անկում ապրել և շարունակել են նվազել այս տարի՝ չնայած «Թուրքական հոսքի» գործարկմանը: Առաջին կիսամյակում ռուսական գազի ներմուծումը կրճատվել է 41%-ով՝ կազմելով 4,7 միլիարդ խորանարդ մետր: Մի կողմից, սեղմված բնական գազի (LNG) գները ավելի են ցածրացել, քան երկարաժամկետ պայմանագրերով, և, օրինակ, որոշ մասնավոր թրեյդերներ չեն կարող գնել ռուսական գազը: Մյուս կողմից, թուրքական ընկերությունները պայմանագրային պարտավորություններ ունեն: Թուրքիա արտահանման անկման պատճառների թվում,  փորձագետները նշում են ինչպես երկրի՝ մինչ առկա պայմանագրերի ժամկետի ավարտը ավելի լավ պայմաններ ստանալու ցանկությունը, այնպես էլ, հնարավոր է, որոշ միջազգային հարցերում Մոսկվայի դիրքորոշման վրա ազդելու փորձերը: Ռուսատյացներն այժմ ուրախ են. իբր, քանի որ «Գազպրոմը» կորցնում է եկամուտը՝ ռուսական գազի մատակարարման ծավալի նվազումից, ապա դա նշանակում է, որ «հենց հիմա» ամբողջ Ռուսաստանը կթուլանա և այլն: Մենք կնշենք մեկ այլ նրբություն. եթե Մեդվեդևը 3 տարի առաջ հրապարակավ խոսում էր Թուրքիայի` որպես ռուսական գազի գնորդի անվստահելիության մասին, դա նշանակում է, որ դեռ 2017-ին «Գազպրոմը» և ՌԴ պետական ​​բյուջեն սկսել են նախապատրաստել երկիրը թուրքական գազի շուկայից թեկուզ չնչին կախվածությունից ազատելու համար: Այսինքն՝ ազատվելով գազի շուկայում թուրքական ակտիվներից՝ «Գազպրոմը» ավտոմատ կերպով ազատ էր արձակում Ռուսաստանի քաղաքական գործիչների ու զինվորականների ձեռքերը, օրինակ՝ Սիրիայում և Լիբիայում: Երկրների և տարածաշրջանների մնացած ցուցակը յուրաքանչյուր ոք ինքնուրույն կազմելու իրավունք ունի…

Սերգեյ Շաքարյանց