Արցախի գանձերը. գրադարաններ

Հայկական բարեգործական ընկերության Շուշիի բաժանմունքի ջանքերով 1859 թվականին Շուշիում լուսավորության գործի խթանման նպատակով հիմնվել է առաջին գրադարան-ընթերցարանը: Անդրադառնալով այս փաստին՝ 1860 թվականին «Կռունկ Հայոց Աշխարհին» գրական, բանասիրական, վիճակագրական, բարոյախոսական, տեղեկատու ամսօրյա հանդեսը գրել է, որ Շուշիի հայկազուններն ազգային լուսավորության աղբյուրի կարիք են զգում, և դրա կարևորությունը հասկանալով, իրենց համաքաղաքացիների համար ծրագրել են ստեղծել մի «Թանգարան վերածնության», որտեղ հասարակության բոլոր խավերը կարող են ընթերցանությամբ զբաղվել՝ «ի կրթութիւն անձին և ի լուսաւորութեան մտաց»:

1858 թ. դրամական հանգանակություն է կազմակերպվել, որին մասնակցել են սովորական քաղաքացիներից մինչև մեծապատիվ այրեր, այդ թվում՝ Աստվածատուր Շխյանցը և Բաբա Բաղադուրյանցը: Վերջիններս բացի դրամական օգնությունից, գրադարանին նվիրել են նաև գրականություն: Նույն թվականին հաստատվել է գրադարան-ընթերցարանի կանոնադրությունը:
1889 թ. Շուշիի քաղաքային ժողովարանի շենքում գործել է 4000 կտոր հայերեն և ռուսերեն գիրք ունեցող գրադարան-ընթերցարան։ 1889 թվականի մարտի 10-ից մինչև 1896 թվականի հունվարի 1-ը գրադարանից օգտվողների 85 տոկոսը հայեր էին, 8 տոկոսը՝ ռուսներ, և միայն 4 տոկոսը՝ թուրքեր ու 3 տոկոսը՝ այլազգիներ։
Գրադարանների թիվը կտրուկ ավելացել է 1920-ական թվականների սկզբներին: 1924 թ. բացվել է Ստեփանակերտի մարզային գրադարանը: 1940 թվականին մարզում գործում էր 66, իսկ 1985 թ.՝ 231 գրադարան (գրքային ֆոնդը՝ 1,6 մլն):

Ներկայացնենք մի քանի գրադարաններ. Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը ստեղծվել է 1924 թվականին, Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը բացվել է 1947 թվականին, Մուրացանի անվան քաղաքային գրադարանը՝ 1965 թվականին, Հադրութի Ավետիք Իսահակյանի անվան շրջանային գրադարանը ստեղծվել է 1932 թվականին, Շուշիի շրջանային գրադարանը բացվել է 1993 թվականին, Քաշաթաղի շրջանի Բերձորի գրադարանը գործում է 1998 թվականից, Շահումյանի շրջանի Քարվաճառի գրադարանը գործում է 2004 թվականից: Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում գործում են շրջանային գրադարաններ։ Ըստ 2009-2012 թթ. կատարած ուումնասիրությունների անցյալ դարի 1980-ական թթ. վերջերին և 1990-ական թթ. Արցախյան ազատագրական պատերազմի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով կործանվել են բազմաթիվ գրադարաններ, վնասվել գրադարանների գրքային ֆոնդեր: Ռմբակոծությունից ավերվել էր Ստեփանակերտի կենտրոնում գտնվող հանրապետական մանկական գրադարանի շենքը և գույքը: Այսօր էլ այդ գրադարանի ֆոնդում պահպանվում են գրքեր, որոնք իրենց վրա կրում են պատերազմի հետքերը։

ՀՀ ԿԳՄՍՆ