Ադրբեջանը ռազմագերիների հանդեպ կիրառում է ֆիզիկական և հոգեբանական ճնշման միջոցներ. Արտակ Բեգլարյան

Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում ինտենսիվորեն տարածվում են տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Դիակների ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր, նաև ռազմագերիներին հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր: Նաև վերջին 2 օրում հրապարակված տեսանյութերից ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ՝ ֆիզիկական և հոգեբանական, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչական թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը միանշանակ անընդունելի է, կրկին խախտում է Ժնևյան կոնվենցիայի, միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները»,-ասաց նա:

Այս տեսանկյունից, ըստ Արտակ Բեգլարյանի, շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն դարձնի այդ դեպքերի վրա, որպեսզի կանխարգելի հետագա խախտումները, երաշխավորի ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանում, նաև հայ զինծառայողների դիակների նկատմամբ բացառվեն հետագա ոտնձգությունները:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանն արդեն երկու անգամ հրաժարվել է հրադադարի պայմանները պահպանելուց, որի հետևանքով բազմաթիվ հայ ու ադրբեջանցի զինծառայողների դիակներ հնարավոր չի լինում մարտի դաշտից տեղափոխել, փոխանակել ու հասցնել իրենց ընտանիքներին. «Սա անմարդկային վերաբերմունք է այդ դիակների հանդեպ: Այստեղ էլ մենք հետևություններ ունենք անելու, նաև միջազգային հանրությունը: Տպավորություն կա, որ Ադրբեջանը միտումնավոր չի համաձայնում մարդասիրական հրադադարի պահպանմանը, որովհետև ունի բազմաթիվ զոհեր և չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին, որը կարող է մեծ ռեզոնանս առաջացնել ադրբեջանական հասարակության մեջ»,-ասաց նա: