Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է Լիբիայում խաղաղության կնքումը

Ժնևում Լիբիայի հակամարտող կողմերը  բանակցությունների սեղանի շուրջ խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Երկուստեք որոշել են, որ առաջնագծում գտնվող բոլոր ռազմական ուժերն ու զինված խմբերը պետք է վերադառնան իրենց ճամբարներ: Միաժամանակ պետք է օտարերկրյա մարտիկներից ազատագրվեն լիբիական բոլոր տարածքները: Գրոհայինները պետք է հակամարտության գոտուց դուրս բերվեն երեք ամսվա ընթացքում:

Այնինչ խաղաղության կնքումը դուր չի եկել Թուրքիայի նախագահ Էրդողանին: Նրա կարծիքով՝ այսօրվա համաձայնագիրը կնքվել է «ոչ բարձր մակարդակի ներկայացուցիչների» կողմից, հետևաբար անհասկանալի է, թե այն որքան կտևի:

Լիբիայում երկար ժամանակ է՝ առճակատման մեջ են ազգային համաձայնության կառավարությունը, որը վերահսկում է Տրիպոլին և երկրի արևմուտքում գտնվող տարածքները, և որին աջակցում է Թուրքիան, ու Լիբիայի ազգային բանակը, որին աջակցում են Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան: Վերջինի ոչ պաշտոնական դաշնակիցներն են Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք, ըստ որոշ տվյալների, բանակին մատակարարում էին նաև Ռուսաստանից ձեռք բերված տեխնիկա: