Գերտերությունները նույնպես պատրաստվում են… պատերազմի

Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին տեսնել ոչ միայն մեր Հայրենական պատերազմը հանուն Արցախի: Աշխարհը երբեք կանգ չի առնում: Եվ աշխարհին սպառնացող սպառնալիքները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ պատրաստվում են: Մենք միտումնավոր չենք գրում, թե ինչի են պատրաստվում: Բայց հայտնի է, որ վերջերս Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, այցելելով Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (ՉԺԱԲ) հատուկ նշանակության զորքերի մի շարք ստորաբաժանումներ, իր զինվորներին և սպաներին կոչ է արել պատրաստվել… պատերազմի: Ո՞ւմ դեմ է պատերազմելու Չինաստանը: Մեր պատասխանը՝ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի դեմ, որն այժմ ագրեսիա է սկսել Արցախի և Հայաստանի դեմ…

Ռուսաստանը նույնպես պատրաստվում է «ինչ-որ բանի»: Արբանյակային նոր նկարները ցույց են տալիս, որ Ռուսաստանը կարող է վերսկսել միջուկային թևավոր հրթիռի թռիչքային փորձարկումները Արկտիկական շրջանի մերձակայքում, հոկտեմբերի 21-ին հաղորդել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով մասնագետներին, որոնք վերլուծել են արբանյակային լուսանկարները: Նշվում է, որ արբանյակային նկարներն արվել են Planet Labs մասնավոր ընկերության կողմից՝ սեպտեմբերին: «Դրանցում բարձր ակտիվություն է երևում Պանկովո կոչվող վայրում, որտեղ Ռուսաստանը նախկինում փորձարկել է «Բուրեվեստնիկ» միջուկային հրթիռը: Այս մասին նշել են Միլդբերյան միջազգային հետազոտությունների ինստիտուտի փորձագետներ՝ Մայքլ Դուիցմանը և Ջեֆրի Լյուիսը: Ռուսաստանը կարծես թե դադարեցրել էր հրթիռի փորձարկումը 2018 թվականից հետո՝ ապամոնտաժելով մեկնարկահրապարակը, սակայն «նոր արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ դադարն ավարտվել է»,- ասվում է զեկույցում: «Նման գործունեությունն ու նոր շինարարական աշխատանքները վկայում են «Բուրեվեստնիկ» միջուկային թևավոր հրթիռի թռիչքային փորձարկումների վերսկսման մասին»: Նրանց խոսքով՝ նկարները ցույց են տալիս, որ «ռուսները վերակառուցել են մեկնարկահրապարակը»: Դրանք ցույց են տալիս «մեծ քանակությամբ բեռնարկղեր երկու տեխնիկական հրապարակներում՝ ներառյալ հրթիռների փորձարկման հավանական շենքը»:

CNN-ը հիշեցնում է, որ այս ամիս Կրեմլը հայտարարել է Սպիտակ ծովում գերձայնային թևավոր հրթիռի հաջող արձակման մասին, իսկ վերջերս Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ցույց է տվել «Օնիքս» թևավոր հրթիռի արձակման տեսանյութը՝ Արկտիկայում գտնվող ռազմաբազայից: «Թրամփը կոչ է անում իր ազգային անվտանգության թիմին՝ միջուկային գործարք կնքել Ռուսաստանի հետ նոյեմբերյան ընտրություններից առաջ, – ինչի մասին հեռուստաալիքին հայտնել են իրազեկ աղբյուրները: Սկզբում նա ցանկանում էր համաձայնագրում ներգրավել Չինաստանին, սակայն Պեկինը մերժել է բանակցություններին մասնակցելու բոլոր առաջարկները», – ասվում է զեկույցում: «Կարծես թե ԱՄՆ-ը և Ռուսաստանը կխճճվեն սպառազինությունների նոր մրցավազքում: Այն մոդելը, որը մշակում է Ռուսաստանը հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգը հաղթահարելու համար, ամենավտանգավոր և ապակայունացնող սպառազինության համակարգերից մեկն է, կարծես գիտական ​​ֆանտաստիկայից վերցված լինի», – պարզաբանել է Լյուիսը՝ նկատի ունենալով միջուկային թևավոր հրթիռը: Միջուկային զենքի տարածման հարցերով փորձագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դոցենտ Վիպին Նարանգը ենթադրում է, որ Մոսկվան «կարող է հասնել այնպիսի միջմայրցամաքային արձակման հեռահարության, որը մարտահրավեր կնետի ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգին»: «Միջուկային թևավոր հրթիռը ցածր է թռչում, ռադարներից խուսափում է, ունակ է միջուկային լիցք կրելու և գործարկման հսկայական տիրույթ ունի, ինչը վտանգ է ներկայացնում հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի համար», – հաղորդել է Նարանգը:

Մենք չենք ուզում երևակայել, թե ինչին է պատրաստվում Ռուսաստանը: Պարզապես հիշեցնենք, որ ամերիկացիները հիշում են Սպիտակ ծովից «Ցիրկոն» գերձայնային թևավոր հրթիռի գերհաջող փորձարկումը Բարենցի ծովում տեղակայված թիրախի դեմ: Հրթիռի թռիչքի հեռավորությունը 450 կիլոմետր էր, առավելագույն բարձրությունը՝ 28 կմ: Թռիչքի ժամանակը՝ 4,5 րոպե: Հենց այս փորձարկումներն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել որպես «մեծ իրադարձություն» ոչ միայն ռուսական բանակի, այլ ամբողջ Ռուսաստանի համար…

Սերգեյ Շաքարյանց