Ռուս-թուրքական պատերազմն արդեն ուրվագծվում է, հատկապես, Թուրքիայի փոխնախագահի երեկվա հայտարարությունից հետո

Սկիզբը` այստեղ

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններին պատմականորեն միշտ հատուկ է եղել ոչ թե համագործակցությունը, այլ մրցակցությունը և հակամարտությունը: Նշված պետությունների հարաբերություններում վերջին երկու դրսևորումները գնալով ակնհայտ են դառնում Մերձավոր Արևելքից, Լիբիայից մինչև Անդրկովկաս ու Կովկաս:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև 21-րդ դարի սկզբից առևտրի, զբոսաշրջության և էներգետիկայի և այլ ոլորտներում սկսված գործընկերային հարաբերությունները ցանկացած պահի կարող են խաթարվել Անդրկովկասում, Սիրիայում, մասնավորապես, Իդլիբում, ինչպես նաև Լիբիայում ծավալվող իրադարձությունների պատճառով: Ավելին` Թուրքիայի և Ռուսաստանի միջև խուլ հակամարտությունը (երկու պետությունների միջև տարաձայնություններն իրենց մեծությամբ զիջում են միայն Ռուսաստան- ԱՄՆ տարաձայնություններին) կարող է ստանալ բացահայտ ու նույնիսկ ռազմական բնույթ:

Այն, որ Մոսկվայի և Աթենքի հարաբերություններն առաջիկայում ոչ թե բարելավվելու, այլ մթագնվելու են, հուշում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Ղրիմի վերաբերյալ վերջերս արած հայտարարությունը. Էրդողանը Ղրիմն Ուկրաինայի անբաժանելի մաս է անվանել:

Հարկ է ուշադրություն դարձնել, թե Անկարան և Բաքուն ինչ քայլեր են կատարում, որպեսզի ներկայիս պատերազմն ընդարձակվի ու դրանում ընդգրկվի նաև Թուրքիան: Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի խորհրդով կեղծ տեղեկություններ է տարածում, թե Հայաստանից հրթիռային հարվածներ են հասցվել իր տարածքին, նար` բնակավայրերին: Այդպիսի հերթական ու վերջին հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը «Facebook»-ի իր էջում երեկ կատարած գրսռմամբ հերքել է` դրանք գնահատելով «կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ»:

«Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»,-հավելել է նա:

Շարունակելով «միջազգային հանրություն» կոչվածին հասցեագրված այսպիսի կեղծ տեղեկությունների հրապարակումը, սուտը ստի վրա հավելելով և ուռճացնելով, Ադրբեջանը հող է նախապատրաստում, որպեսզի մի օր ասի` դե բավակա՛ն է, համբերությունս հատավ, և ՀՀ տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին ու բնակավայրերին լայնածավալ հարվածներ հասցնելու իրավունք վերապահի իրեն` այն հաշվարկով, որ դա տեղիք կտա ՀՀ-ի համարժեք պատասխանին, ինչից հետո պատերազմին լայնամասշտաբ մասնակցության համար Թուրքիայի ձեռքերն ազատ կարձակվեն: Այս կապակցությամբ հիշենք «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպի ասածը.

«Չեմ կարծում, որ այդպիսի առաջարկը (հակամարտության գոտում Թուրքիայի զինված ուժերի օգտագործման վերաբերյալ) անհրաժեշտ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երրորդ կողմերը չեն ներգրավվել այս հակամարտության մեջ` անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը»,- հայտարարել է Շենթոփը` «երրորդ կողմերը» ասելով, նկատի ունենալով թե՛ Հայաստանին, թե՛ Ռուսաստանին:

Այնուհետ Շենթոփն ասել է, որ «Եթե Ադրբեջանը խնդրանքով դիմի այս համատեքստում, ապա դա պատշաճ կերպով կքննարկվի և կլուծվի ինչպես Թուրքիայի նախագահի, այնպես էլ Թուրքիայի խորհրդարանի կողմից»: Իսկապես շատ բացահայտ են գործում, ու պարզ է, թե ինչ են նախատեսել և ինչի են ձգտում:

Բնականաբար, հարց կարող է առաջանալ, թե ե՞րբ պետք է սպասել վերոնշյալ սցենարի մեկնարկին: Ցանկացած պահի, բայց հատկապես հոկտեմբերի վերջից հետո: Դատելով ամենից, Թուրքիան ձգտում է պատերազմում իր լայնածավալ ընդգրկման համար նախապես իրավաքաղաքական լիարժեք հիմնավորում ապահովել: Բաքվում հոկտեմբերի 29-ին նախատեսված Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովն, ի թիվս այլ նպատակների, թերևս, առաջին հերթին, հենց այդ նպատակն է հետապնդում:

Թեև Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ոլորտում միմյանց հետ ունեն մի շարք պայմանագրեր ու համաձայնագրեր, սակայն չունեն միացյալ զորախումբ, ինչպես Հայաստանն ու Ռուսաստանը, առավել ևս` դեռ չունեն միացյալ բանակ: Եվ, ահա, ինչպես հայտարարել է թուրքական «Uluslarası Politika Akademisi» հրատարակությունը, վերոնշյալ գագաթնաժողովում նախատեսվում է հայտարարել «Թուրանի միացյալ բանակի» ստեղծման մասին, որը կարող է ներառել Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի զինված ուժերը: Նշվում է, որ Մոնղոլիան և Ղրղզստանը ծրագրում են կազմակերպությանը մասնակցել որպես դիտորդ:

Ապագա օրակարգի կետերից մեկը Ադրբեջանի տարածքում երկու թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորությունն է: Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը նշել է, որ «միասնական ռազմական կառույցի ստեղծումը բացում է Լեռնային Ղարաբաղի տարածքում «հակաահաբեկչական գործողություններին» կազմավորման մասնակցության հեռանկարը:

Այսպիսով, ըստ Ռ. Էրդողանի, «այժմ գործելու է վեց պետություն և մեկ ազգ (alti eyalet – bir millet) կարգախոսը»:

Թեև բացառված չէ, սակայն քիչ հավանական է Թուրանի միացյալ բանակի ստեղծմանը Ղազախստանի մասնակցությունը, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ նման բանակ ստեղծելու դեպքում Ղազախստանը ստիպված է լինելու դուրս գալ ՀԱՊԿ-ից, կամ վտարվելու է նշված կազմակերպությունից, բոլոր դեպքերում, Ռուսաստանի կողմից շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու: Սակայն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Թուրանի միացյալ բանակի ստեղծումը (միգուցե նաև Թուրքմենստանի ընդգրկմամբ) միանգամայն հնարավոր ու սպասելի է: Հայաստանը, Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինեն դրան, ինչպես նաև պատերազմում Թուրքիայի ԶՈւ լայնամասշտաբ ընդգրկմանը:

Արթուր Հովհաննիսյան