Արցախի գանձերը. Դադիվանք վանական համալիր

ԿԳՄՍՆ-ը շարունակում է բացահայտել Արցախի գանձերը:

Դադիվանք /9-13-րդ դդ./ վանական համալիրը, համաձայն ավանդության, հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ 2007 թ. պեղումների ընթացքում վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները: Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին /գտնվում է Ստեփանակերտի թանգարանում/:

Վանական համալիրը, ինչպես և Արցախի մյուս եկեղեցիները, շուրջ 100 տարի չեն գործել: Արցախյան պատերազմից շուրջ 8-10 տարի առաջ այստեղ ապրել է բազմանդամ քուրդ ընտանիք, որը եկեղեցին վերածել է տան և գոմի: Տաքանալու համար եկեղեցում խարույկ են վառել, որի հետևանքով, ինչպես պարզվել է վերականգնողական աշխատանքների ժամանակ, մրից ծածկվել են հրաշագեղ որմնանկարները, որոնք վերականգնվել են իտալացի մասնագետներ Արա Զարյանի և Քրիստին Լամուղէի կողմից:

Պատերազմի տարիներին ադրբեջանցի վանդալիստները քերել էին անգամ եկեղեցու բակում և գավթում եղած տապանաքարերի հայատառ գրությունները՝ ջնջելով պատմական հետքը:

Վերականգնողական աշխատանքները սկսվել են 2007 թ. և շարունակվել մինչև 2017 թ.: