Պատերազմն այս ճգնաժամի լուծումը չէ. Ռոհանին Էրդողանին կոչ է արել ԼՂ հարցով աջակցել բանակցային գործընթացի վերականգնմանը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Ինչպես նշում է Tasnimnews.com կայքը, զրույցի ընթացքում իրանական կողմն ընդգծել է հակամարտության գոտուն մոտ գտնվող իրական պետության սահմանների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

«Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ միանգամայն պարզ է, և մենք հավատացած ենք, որ պատերազմը այս ճգնաժամի լուծումը չէ, և որ իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների միջոցով»,-Էրդողանին ասել է Ռոհանին:

Վերջինս ընդգծել է, որ Իրանն ու Անկարան՝ որպես հզոր տարածաշրջանային երկրներ, կարող են ուժերը համատեղել ու Ռուսաստանի հետ համագործակցությամբ օգնել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վերականգնմանը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, նաև քաղաքացիական հիվանդանոց։