«Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ. 168.am

Այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թիկունքային գործով զբաղված տղամարդկանց զինվորագրվելու կոչ արեց:  «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կոչն արդեն իսկ լայն արձագանք է գտել:

«Արդեն բավականին շատ մարդիկ արձագանքել են՝ թե՛ կուսակցության ներսից, թե՛ անծանոթ մարդիկ, որոնք ուղղակի վստահում են Արթուր Վանեցյանին՝ հաշվի առնելով, գնահատելով իր փորձը, անցած ուղին ու կենսագրությունը»,- ասաց Հակոբյանը:

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարի խոսքով՝ Արթուր Վանեցյանն այս պահին Երևանում է և զբաղված է կազմակերպչական աշխատանքներով:

«Հիմա իրականացնում ենք գրանցման փուլը, ըստ օրենքի, կարգի, կան որոշակի փուլեր, որ պետք է անցնի ջոկատը, ինչից հետո կորոշվի, թե ռազմաճակատի ո՞ր մասում և ե՞րբ «Հայրենիք» ջոկատը կանցնի իր հերթապահությանը»,- ասաց նա:

Մեր հարցին, թե Արթուր Վանեցյա՞նն է գլխավորելու «Հայրենիք»-ի ջոկատը,  Հակոբյանը պատասխանեց.

«Միանշանակ, Արթուր Վանեցյանը լինելու է ջոկատի հրամանատարը»: