«Կյանքն այստեղ ընթանում է իր հունով». ռուս լրագրողը հերքել է Լաչինի միջանցքը գրավելու՝ Ադրբեջանի հայտարարությունը (տեսանյութ)

Ռուսական EADaily կայքի թղթակիցը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Բերձոր քաղաք և փաստել, որ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը Արցախին կապող ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը իրենց վերահսկողության տակ վերցնելու հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։
Թղթակցի խոսքով՝ քաղաքն ապրում է իր բնականոն հունով, պատերազմի մասին հուշում են միայն հրետանու բարձր ձայները։
Բերձորի քաղաքապետ Դավիթ Դավթյանը լրագրողի հետ հարցազրույցում նշել է, որ ադրբեջանցիները փորձում են գրավել տարածաշրջանի հարավային ծայրամասերը՝ որոնց թվում է նաև Բերձորը, որպեսզի Արցախը կտրեն Հայաստանից։
«Իհարկե, նրանք նպատակ ունեն 1990-ականների նման Արցախը «կտրել» Հայաստանից, սակայն դա նրանց թույլ չենք տա։ Գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, երբ Ղարաբաղը բաժանված էր Հայաստանից և հայ բնակչության վտարման քաղաքականություն էր իրականացվում: Այս տարածքը մեր հայրենիքն է, այստեղ երեխաներ ենք մեծացրել, տներ ենք կառուցել և ոչ մի տեղ չենք գնալու»,- նշել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ ճանապարհն իրենց վերահսկողության տակ առնելու մասին լուրերն Ադրբեջանին անհրաժեշտ են զինվորների և սեփական ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու համար։
«Իհարկե, կխոսեն այդ մասին, բայց հիմա այստեղ եք ու տեսնում եք, որ մարդիկ հանգիստ են, բարձր են պահում իրենց մարտական ոգին, կյանքն ընթանում է իր հունով։ Ճանապարհի արգելափակումը կնշանակի Արցախի և հենց Հայաստանի վերջը, քանի որ մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել։ Այս ճանապարհի համար պայքարելու ենք մինչև վերջին մարդը»,- նշել է քաղաքապետը։
Նշվում է, որ Բերձորի բնակիչների մեծ մասը չի հեռացել քաղաքից․ եթե Ստեփանակերտում բնակիչները նկուղներում են ապրում, ապա այստեղ շատերն անգամ իրենց բնակարաններում են շարունակում մնալ։