Հնարավոր բոլոր եղանակներով աջակցելու եմ. Գագիկ Ծառուկյան

Պատերազմ է, ամբողջ աշխարհի հայությունն է օգնում մի մարդու պես, այս պահին միասնական պետք է լինենք, որևէ մեկը որևէ հարց այս պահին իրավունք չունի քննարկելու, քանի որ մեր նպատակը հաղթելն է։ Այս մասին հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, դուրս գալով ԱԱԾ շենքից։

Ծառուկյանը հայտնեց նաև, որ անգամ ԱԱԾ մեկուսարանում՝  անազատության պայմաններում օգնություն է ուղարկել Արցախ։ Հարցին՝ արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան»-ը կամավորական ջոկատներ ստեղծելու է, Ծառուկյանն ասաց, որ անպայման կուսակցությունը զբաղվելու է այդ հարցով, և հավելեց, որ հնարավոր բոլոր եղանակներով աջակցելու են։

«Իմ օգնությունը շարունակական է լինելու․ ես, իմ երեխաները ապրում ենք և ապրելու ենք այս երկրում։ Բոլորը պետք է օգտագործեն իրենց հնարավորությունները»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Անդրադառնալով օպերատիվ շտաբ ստեղծելու գաղափարին՝ Ծառուկյանն ասաց, որ իր համար դա անընդունելի է։

«Այսօր որոշվում է մեր ազգի ճակատագիրը և մենք միշտ գործում ենք, չենք խոսում»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։