Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է ոչ թե որպես պետությունների միջև պայքար տարածքի համար,  այլ այն սկսվել է էթնիկ առճակատումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ նախագահն ասել է «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ: «Ցավոք, սա փաստ է, երբ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք»,- ասաց ՌԴ նախագահը:

Նա հավելեց, որ տարիներ շարունակ  արել են ամենատարբեր առաջարկներ ճգնաժամը կարգավորելու համար, որպեսզի կայունացնեն իրավիճակը երկար պատմական հեռանկարում: «Բայց հավատացեք, դա դիրքորոշումների մոտեցման լարված աշխատանք է եղել: Որոշ պահերի թվում էր, որ ևս մի քիչ, ևս մեկ քայլ, և մենք որոշում կգտնենք: Ցավոք դա տեղի չունեցավ,  և այսօր մենք ունենք կոնֆլիկտ իր վատագույն դրսևորմամբ: Ողբերգությունն այն է, որ մարդիկ են զոհվում»,- նշեց ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ կան հազարավոր կորուստներ:

ՌԴ նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Աֆղանստանի պատերազմի 10 տարիների ընթացքում զոհվել է 13 հազար մարդ, իսկ այս կարճ ժամանակահատվածում կորուստները հազարավոր են:

«Իսկ ինչքան վիրավորներ կան, որքան մարդ է տառապում, երեխաներ: Սա մեզ համար յուրահատուկ իրավիճակ է»,- ընդգծեց Պուտինը: