ԱՄՆ-ը տեղյա՞կ էր ազերիա-թուրքական ագրեսիայից

Նկատենք` հայաստանյան իշխանությունների հետ ցայս հանդիպում չունեցած ԱՄՆ-ը մեկ էլ ու` Միացյալ Նահանգներ է հրավիրում ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Ընդորում` Պոմպեոի կողմից Սերբիայի ուԿոսովոյի միջև խաղաղության նորոգման, Իսրայելում դեսպանատուն բացելու հանդիպում-հեռանկարից հետո, ինչն էլ առանձնապես Ռուսաստանի սրտով չէր`ի դեմս Զախարովայի հայտնի` Վուչիչի աթոռին նստելու պոզայի մասին հայտարարության, սակայն պաշտոնական Մոսկվան խիստ նրբագեղ փորձեց հարթել այդ միջադեպը:

Հիշենք, Մնացականյանն ԱՄՆ հրավիրվեց այն ժամանակ, երբ Ղարաբաղյան այս ահարկու մսաղաց-պատերազմը դեռ չէր սկսվել, մենք էլ հարկ էինք համարել կարծիք հայտնել, որ չի բացառվում` ԱՄՆ-ը, մասնավորապես Պոմպեոն, նույնական սցենար իրականացնի Հայաստանի Ադրբեջանի միջև` վասն խաղաղության, չնայած` այդ օրերին խոսք չկար Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջ. Բայրամովի` ԱՄՆ այցի մասին:

Ինչո՞ւ ենք այս ամենը հիշում. արձանագրելու, որ ըստ ամենայնի, «ամենահաս»  ԱՄՆ-ը որոշակիորեն տեղյակ էր Ադրբեջանի (այն է` Թուրքիայի)` մի քանի օր հետո  սպասվելիք ղարաբաղյան ռազմական գործողությունների, ագրեսիայի մասին, և իր ընտրությունների նախաշեմին փորձում էր վերաձևավորվող աշխարհում ու տարածաշրջանում սեփական լոտերի սխեման կառուցել, Թրամփի փեսա Քուշների` Մերձավոր Արևելք, վերջնակետում` Իրան, «ծրագիրը» կյանքի կոչել` վասն Թրամփի:  Այլապես ինչու էին, մեկ էլ ու` Մնացականյանին էս գլխից հրավիրում ԱՄՆ:

Իսկ որ այս մեծ խաղում ԱՄՆ հետաքրքրությունների (նաև համակրանքների) ծիրում ազերիա-թուրքական տանդեմն է, ինքնին հասկանալի է, թե գեոքաղաքական, թե պրո-ՆԱՏՕ-ական, և առաջին հերթին` ռուսական խաղի տեսանկյունից. ՆԱՏՕ-ական Թուրքիան ղարաբաղյան ագրեսիայով մտավ տարածաշրջան, ու տարածաշրջանի երկրները հիմա պետք է հասկանան` ինչպես  դուրս հանեն նրան, նրանց թվում`ոչ միայն մենք, այլև` Իրանն ու Ռուսաստանը:

Մեկ նրբություն ևս. ղարաբաղյան վերջին զարգացումները մեկ ընդհանրություն էլ ունեն  Կոսովո-Սերբիա «տանդեմի» պատմության հետ: Հիշենք` այդ կոնֆլիկտը «լուծելու» համար 1995-ի օգոստոսին ՆԱՏՕ-ն ռմբակոծեց բոսնիական սերբերի դիրքերը. արդեն նոյեմբերին բոսնիական սերբերը ստիպված էին նստել բանակցային սեղանի շուրջ` Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, իսկ արդեն նոյեմբերի 21-ին կնքվեց պարտադրված պայմանագիր:

Կարծես այս սցենարով են կրկին աշխարհի «մեծերը» փորձում առաջ շարժվել. ի՞նչ կստացվի, կերևա: Մինչ «երևալը» մի քանի դիտարկում ևս.

ա/. Ռուսաստանը խիստ ակտիվ է այս խաղում. Ռուսիան ևս սպասում է հասկանալու` կկայանա՞ ամերիկյան հրադադարը: Այնուհանդերձ, մինչև ԱՄՆ մեկնելը, հակամարտող, խաղաղության «գնացող» կողմերը` Մնացականյանը և ազիկ Բայրամովը անցան Ռուսիայի` Լավրովի դռնով:

բ/. Հետաքրքիր զուգադիպությամբ, Լավրովի` նախարարների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեց բավականին «հետաքրքիր» հայտարարություն` Ղարաբաղյան խնդիրը դիվանագիտական լուծում չունի այս պահին (պատճառները նշվեցին). կռվելու ենք` մինչև վերջին շունչը:

Գերտերություններից որ կողմին էր հատկապես ուղղված բավականին հետաքրքիր կոդեր պարունակող հայտարարությունը, չբարձրաձայնենք:

գ/. Իր հերթին Թուրքիան հարկ համարեց վաղը սպասվող ամերիկյան «բանակցություններից», հրադադարի «պայմանավորվածությունից» ժամեր «առաջ» պրեսինգ կիրառել` ասելով, եթե Ադրբեջանը դիմի Թուրքիային օգնության խնդրանքով, ինքը զորք կուղարկի:

դ/. Միակ սփոփիչն այս ամենում այն է, որ իր բնից վերջապես դուրս է եկել  ՀՀ նախագահ, իրականում միջազգային խաղացողների հետ` հավասար նիստ ու կացի տիրապետող, անգլիական թագավորական ընտանիքի բարեկամ  Արմեն Սարգսյանը, և հանդիպում է ԵՄ առաջնորդներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որոնց պատմել է հայոց դարդը… Էրդողանի մարդակեր, ցեղասպան ասքը:

Եվ?… 

Կարմեն Դավթյան