«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի». Պեսկով

Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը տեղափոխի քաղաքական-դիվանագիտական հուն, հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է RT-ն։

«Ռուսաստանն արել և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ներկայիս իրավիճակը տեղափոխի քաղաքական-դիվանագիտական հուն։ Մենք նախկինի պես համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասել է նա։

Ինչպես ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, Ռուսաստանը պատրաստվում է հետագայում ևս բոլոր ջանքերը գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, նաև քաղաքացիական հիվանդանոց։