Մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը կոչ է հղել առաջնագիծ գնալ ցանկացողներին:

«Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։

Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացե՛ք, իսկապես գործ կա անելու։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Սպասում եմ բոլորիդ․ ժամանակը թանկ է», – նշվում է Վանեցյանի կոչում։

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Փաշինյանը թվարկել էր այն քայլերը, որոնք պետք է անել առաջնագիծ մեկնելու համար.

Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):

Քայլ 2. Ընտրել հրամանատար:

Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:

Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:

Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:

Քայլ 6. Հաղթել: 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, նաև քաղաքացիական հիվանդանոց։