Արցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է․ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան

Հոկտեմբերի 20-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հյուրընկալվել էր Գերմանիայի դաշնային կառավարության մամուլի ծառայությունում:

Գերմանական և Բեռլինում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ դեսպանի ասուլիսին ներկա էին նաև ՀԲԸՄ Գերմանիայի մասնաճյուղի նախագահ Գեորգի Ամբարձումյանը և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Անդրանիկ Ազնավուրը:

Իր ելույթում ՀՀ դեսպանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված ագրեսիային՝ նշելով. «Որոշ եվրոպական երկրների կողմից հնչող, ինչպես նաև մամուլում հաճախ արծարծվող պիտակավորված տեսակետը, թե իբր միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, բացարձակապես ճշմարտացի ձևակերպում չէ»:

Դեսպանն անդրադարձավ 1994թ. եռակողմ զինադադարին, որի կողմ էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և ներկայացրեց դրանից բխող իրավական հիմնավորումները:

Դեսպան Սմբատյանը հատկապես ընդգծեց. «Միջազգային հանրությունը և ժողովրդավար երկրների առաջնորդները հաճախ և հաճույքով են խոսում մի արժեհամակարգի մասին, որը հիմք է հանդիսանում ժողովուրդների խաղաղ համակեցության համար. դրանք են ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները: Այս նույն արժեհամակարգը գործում է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատորեն տնօրինելու սեփական կյանքը, այն շարունակելու կառուցել ժողովրդավարության հիմքի վրա: Մարդու իրավունքները չեն կարող տարբերակված լինել, նրանք գործում են հավասարապես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության պարագայում: Յուրաքանչյուրիս պարտքն է նպաստելու հակամարտության խաղաղ լուծմանը՝ հանուն հաջորդ սերունդների, քանի որ Լեռնային Ղարաբաղը զուտ տարածք չէ, այլ այնտեղ ապրող մարդիկ են, ովքեր սեփական տանը ցանկանում են խաղաղ ապրել և արարել: Նրանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է»: