«Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը»․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները։ Ողջունում ենք առաջնորդների՝ հանդիպելու և խաղաղության հասնելու ցանկությունը»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության համապատասխան հարցին։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում հայտարարել էին Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, նաև քաղաքացիական հիվանդանոց։