ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը կընդունի բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին

Մի խումբ ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում են Արցախի Հանրապետության անկախության ճանաչում, ինչպես նաև՝ սոցիալական և տնտեսական սանկցիաներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախին:

Ակցիայի մասնակիցները դեսպանատուն են դիմել հանդիպման պահանջով:
Դեսպանատնից ակցիայի մասնակիցներին փոխանցել են, որ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը պատրաստ է ընդունել նրանցից մեկին: Դեսպանի հետ հանդիպման պատրաստվող ակցիայի մասնակիցը լրագրողներին ասաց, որ ինքը դեսպանին ասելու է՝ իրենց պահանջն է, որ օր առաջ նպաստեն ռազմական գործողությունների դադարեցմանը, և ճանաչեն Արցախի Հանրապետության անկախութունը: Նա նշեց, որ իրենց ամենկարևոր պահանջը դա է այս պահին:

Ակցիայի մասնակիցները նշել են նաև, որ նմանատիպ ակցիաներ են պատրաստվում անել բոլոր դեսպանատների դիմաց, որոնք դեմ քվեարկեցին Հունաստանի կոչին. «Քաղաքակիրթ աշխարհն այսօր աչք է փակում մեր զոհերի վրա, ևս մեկ անգամ ցեղասպանություն սկսող Թուրքիայի և Ադրբեջանի սանձարձակ քայլերի վրա: Հունաստանը միջնորդություն է ներկայացրել, որ ԵՄ անդամ երկրները սանկցիաներ կիրառեն Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ թե՛ ռազմական, թե՛ հումանիտար: 5 եվրոպական երկրների կողմից՝ Հունգարիայի, Մալթայի, Իտալիայի, Իսպանիայի և Գերմանիայի, մերժվել է: Բոլոր դեսպանատների մոտ նմանատիպ ակցիաներ ենք անելու, այսօր սկսել ենք Գերմանիայից,- ասաց մասնակիցներից մեկը:-

Մենք ստիպելու ենք ԵՄ անդամ բոլոր պետություններին, որ ոչ թե կոչ անեն, ամպագոռգոռ եվրոպական խոսքեր ասեն, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկեն»,- հավելեց նա: