Ռուսական «Կալիբր»-ներն Ադրբեջանում կամ Արցախում կհասնեն ահաբեկիչներին, եթե պատերազմը չկանգնի ու Թուրքիան շարունակի վարձկաններ բերել

Սակայն դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի Ռուսաստանին, եթե խոսքը ոչ թե Ադրբեջանի, այլ Արցախի տարածքում հակաահաբեկչական գործողության իրականացման մասին է:

Բավական է՝ պատերազմում ընդգրկվի նաև Հայաստանի Հանրապետությունը, ինչը միանգամայն հնարավոր է Արցախի անկախության ճանաչումից հետո կամ թեկուզ մինչ այդ Ադրբեջանի կողմից Հայաստանին հարվածները շարունակելու պարագայում, և Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի տարածքներում ռուս- թուրքական պատերազմը կդառնա անխուսափելի:

Պատահական չէ, որ հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունելով Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, նրա հետ զրույցի ընթացքում ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:

Վերոնշյալի առումով հարկ է ուշադրություն դարձնել նաև մոտ 10 օր առաջ «ՌԻԱ Նովոստի»-ին Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպի ասածին, ըստ որի, Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապատկերին Ադրբեջան թուրքական զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն դրա անհրաժեշտությունը դեռ չկա:

«Չեմ կարծում, որ այդպիսի առաջարկը (հակամարտության գոտում Թուրքիայի զինված ուժերի օգտագործման վերաբերյալ) անհրաժեշտ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երրորդ կողմերը չեն ներգրավվել այս հակամարտության մեջ` անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը»,- հայտարարել է Շենթոփը` «երրորդ կողմերը» ասելով, նկատի ունենալով թե՛ Հայաստանին, թե՛ Ռուսաստանին:

Ըստ նրա, «Եթե Ադրբեջանը խնդրանքով դիմի այս համատեքստում, ապա դա պատշաճ կերպով կքննարկվի և կլուծվի ինչպես Թուրքիայի նախագահի, այնպես էլ Թուրքիայի խորհրդարանի կողմից»:

Ընդգծենք, որ հակամարտության գոտում Թուրքիայի զինված ուժերը պատերազմի առաջին օրերից արդեն իսկ օգտագործվում են, հետևաբար պետք է նկատի ունենալ, որ խոսքը Թուրքիայի ԶՈւ լայնամասշտաբ մասնակցության մասին է:

Առաջացած վտանգավոր իրավիճակը նկատել են նաև արտերկրում: Նշելով, որ «Թուրքիան մարտահրավեր է նետում Հարավային Կովկասում Ռուսաստանի մենաշնորհին, «Center for Global Policy»-ն գրել է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի պատճառով մարտական գործողությունների էսկալացիան համընկել է հակամարտությանը Թուրքիայի էլ ավելի անմիջական մասնակցության հետ՝ այդ թվում սիրիացի վարձկանների ուղարկման միջոցով: Անկարայի էլ ավելի ուղիղ մասնակցությունը հակամարտությունն էլ ավելի անկանխատեսելի է դարձրել»:

«Մի բան հստակ է. Թուրքիայի նման միջամտությունը կհանգեցնի նրան, որ ԼՂ հակամարտությունն էլ ավելի անկանխատեսելի կդառնա: Դա նաև կարող է խորացնել Մոսկվայի և Անկարայի միջև տարաձայնությունները. Ռուսաստանն ու Թուրքիան մինչև այժմ չեն կարողացել կարգավորել իրենց տարաձայնությունները Սիրիայում ու Լիբիայում, կողմերը պահպանում են համագործակցությունը էներգետիկայի և անվտանգության ոլորտներում, սակայն դա, իհարկե, կարող է փոխվել:

ԼՂ առաջնագծում իրավիճակը մնում է անկայուն, սակայն Թուրքիայի ուղիղ միջամտությունը կարող է անսպասելի տատանումներ առաջացնել ամբողջ տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս: ՌԴ դիրքորոշումը հատկապես կարևոր գործոն է, քանի որ Մոսկվան ստիպված կլինի էլ ավելի վճռորոշ դիրքորոշում զբաղեցնել, եթե միջնորդական ջանքերն ու հրադադարի կոչերը մոտ ապագայում արդյունք չտան:

Այդ պատճառով ուղիղ ռազմական բախումներից խուսափելու Ռուսաստանի որոշումը կարող է մոտ ապագայում վերանայվել Թուրքիայի էլ ավելի ակտիվ դերի դեպքում»:

Արդեն իսկ կան նախանշանները նրա, որ Ռուսաստանն ընթացող պատերազմին ռազմական առումով չմիջամտելու և ռազմական բախումներից խուսափելու իր որոշումն իսկապես կարող է վերանայել` նկատի ունենալով, որ Թուրքիան շարունակում է էլ ավելի ակտիվ դերակատարություն ունենալ: Ռուսաստանի ռազմական միջամտությունը կարող է լինել, եթե միջնորդական ջանքերն ու հրադադարի կոչերը մոտ ապագայում արդյունք չտան:

Նախ անդրադառնանք Թուրքիայի հարաճուն ակտիվությանը: Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով տեղեկատվության իր աղբյուրի վրա, «Անցյալ ուրբաթ ավելի քան 1000 զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ կռվելու, և առաջիկա օրերին նախապատրաստվում է ևս մի խմբի տեղափոխումը»: Օրերս ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց նաև այն մասին, որ Թուրքիան միայն մեկ օրում Ադրբեջան է տեղափոխել շուրջ 2000 ահաբեկիչների, վարձկանների: Այս ամենը նկատի ունենալով, ՌԴ արտգործնախարարությունը Թուրքիայի հետ շփումներում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերին Սիրիայից և Լիբիայից վարձկանների մասնակցության հարցը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի` Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

Մոսկվան ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցելու համար անօրինական զինված խմբավորումների գրոհայինների տեղակայումը ոչ միայն լարվածություն է ստեղծում հակամարտության գոտում, այլև երկարաժամկետ սպառնալիքներ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:

Հենց հոկտեմբերի 16-ին, երբ ավելի քան 1000 ահաբեկիչ է ուղարկվել Արցախ հայերիս դեմ կռվելու համար, ԶԼՄ-ներում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Ռուսաստանի Կասպիական նավատորմի ռազմանավերի մի խումբ զորավարժություն է սկսել Կասպից ծովում: Ու թեև Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ «Հոկտեմբերի 16-ին Կասպից ծովի ավազանում մեկնարկել է Կասպիական նավատորմի նավերի հետ զորավարժությունները 2020 թվականի ամփոփիչ ստուգման շրջանակում», դրա ճշգրիտ համընկնումն Ադրբեջան ավելի քան 1000 ահաբեկիչների տեղափոխման հետ, հուշում է, որ Ռուսաստանը, ըստ անհրաժեշտության, «ամփոփիչ ստուգումը» նախատեսվածից շուտ է սկսել:

Ավելին. ուշադրություն է գրավում նաև այն հանգամանքը, որ նավերի հարվածային խմբի առջև, ի թիվս այլ առաջադրանքների, դրվել է նաև պայմանական անօրինական զինված խմբավորումների ոչնչացման գործողությունների մշակման խնդիրներ:

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, զորավարժությունները ընթացքում «Դաղստան», «Թաթարստան» հրթիռային նավերի, ինչպես նաև «Վելիկիյ Ուստյուգ» և «Ուգլիչ»  փոքր հրթիռային նավերի անձնակազմերն իրականացնելու են հրթիռային ու հրետանային կրակի վարժանքներ ծովում օդային ու ծովային թիրախների ուղղությամբ՝ գործելով խմբավորման կազմում Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ: Զորավարժությունները, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում է 6 նավ, 7 ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող, անցկացվում են Ապշերոնի թերակղզուց հյուսիս, բայց, որոշ հրապարակումներից դատելով, ոչ միայն Կասպից ծովի կենտրոնական հատվածում:

«Մի քանի օր առաջ այն բանից հետո, երբ մի քանի ռուսական ռազմանավեր, այդ թվում `«Կալիբր» թևավոր հրթիռներով զինված, նկատվել էին Ադրբեջանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, հայտնի դարձավ, որ Ռուսաստանը նախազգուշացում է ուղարկել Բաքվին` Կասպից ծովից ուղղակիորեն հարվածելու պատրաստակամության մասին,- «Ռուսաստանը կոշտ նախազգուշացում է ուղարկել Ադրբեջանին Ղարաբաղի հարցով» վերտառության ներքո հոկտեմբերի 18-ին գրել է Avia.pro-ն ու հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, մեջբերել ծովակալ Վիկտոր Կրավչենկոյի խոսքը:

««Ռուսական Կասպյան նավատորմի զորավարժությունները, որոնք սկսվել են ուրբաթ օրը, կարելի է դիտել որպես որոշակի ազդանշան Ադրբեջանին ու Թուրքիային»,- «Ինտերֆաքս»-ին ասել է ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի նախկին պետ, ծովակալ Վիկտոր Կրավչենկոն: «Դա կարող է նրանց առաջին ազդանշանը լինել այն մասին, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, կարող է ինչ-որ գործողություններ ձեռնարկել, այդ թվում` Կասպից ծովից կողմից»,- ասաց նա: Ըստ Կրավչենկոյի, այս մանևրները կարելի է դիտարկել որպես հիշեցում այն մասին, որ տարածաշրջանը գտնվում է Ռուսաստանի ռազմավարական շահերի տիրույթում, և որ այն այստեղ ունի բավարար ռազմական ներուժ»:

Նույն հրապարակման մեջ նշված է նաև. «Ադրբեջանի ծովային սահմանների մոտ ռազմանավերի ռուսական արմադայի հայտնվելն ակնհայտորեն լարվածություն է ստեղծում Բաքվի համար, քանի որ Մոսկվան ցանկացած պահի կարող է հայտարարել իր աջակցությունը Երևանին»:

Avia.pro լրատվականի մեկ այլ` հոկտեմբերի 19-ի հրապարակման համաձայն, «Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերն Ադրբեջանի հետ սահման են ուղղել միանգամից մի քանի մարտական ինքնաթիռներ»:

Խոսքը գնում է Су-27 կործանիչների և Су-25 գրոհայինների մասին, որոնք, ինչպես նշվում է, անհայտ նպատակով մոտեցել են Ադրբեջանի հետ սահմանին Կասպից ծովի կողմից, սակայն խուսափել են խախտել այդ երկրի օդային սահմանը: Նույն հրապարակման մեջ նշված է նաև.

«Այս պահին անհայտ է մնում, թե Ռուսաստանը հատկապես ինչ նպատակով է ուղարկել իր մարտական ​​ինքնաթիռները Ադրբեջանի սահմաններ, սակայն փորձագետները չեն բացառում, որ Ռուսաստանն այսօր իրականացնում է պետական ​​սահմանի պաշտպանության մշակում տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական բախման դեպքում, կամ դրանով նախազգուշացումներ է ուղարկում Ադրբեջանին` Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին` առավել ևս, որ մի փոքր ավելի վաղ «Կալիբր» թևավոր հրթիռներով զինված ռուսական ռազմանավերը հայտնվեցին Կասպից ծովում, Ադրբեջանի ծովային սահմանների մոտ:

Ի միջի այլոց, փորձագետները չեն բացառում, որ տեղակայված ռազմանավերն ու կործանիչները կարող են մշակել Գյումրիում ռուսական ռազմական ավիաբազայի պաշտպանության խնդիրը…»:

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան «օրինական իրավունք և հիմքեր» ունի Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար, քանի որ Մերձավոր Արևելքի զինյալները մասնակցելով տարածաշրջանի հակամարտությանը, «անմիջական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար»:

Սակայն այդ մասին հայտարարելը մի բան է, նշված միջամտության համար ՌԴ-ին դիմելը` բոլորովին այլ բան: Հայաստանը, ցավոք, այդ հարցով դեռ չի դիմել Ռուսաստանին, ինչն առնվազն ցավալի ու զարմանալի է… Այս եզրակացությանը կարելի է հանգել` ծանոթանալով ՌԴ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի հայտարարությանը.

«Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Մոսկվային` Լեռնային Ղարաբաղում մարտերին սիրիական գրոհայինների հավանական մասնակցության և այս տարածաշրջանում ռուսական գործողությունների հնարավորության առնչությամբ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ,  ասել է Կոնստանտին Կոսաչովը:

Արթուր Հովհաննիսյան