Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու հրամայականը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։

Հայաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով կառավարությանը և պահանջելով՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝  պետական հատուկ մարմին, օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով, հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց։ Հայտարարությունը ստորագրել է նաև Արման Ղուկասյանի ղեկավարած կուսակցությունը։ Ինչո՞վ է պայմանավորված նման նախաձեռնությունը, որքանո՞վ է իրատեսական դրա իրագործումը՝ հաշվի առնելով բացասական արձագանքները, թե դա հակասահմանադրական է, հեղաշրջում իրականացնելու փորձ է։

Անդրադարձանք երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջի հրապարակմանը՝ Արցախի խնդրի կարգավորման և պատերազմի վերաբերյալ, ըստ որի՝ պատերազմը մղվում է Արցախի կարգավիճակի համար, մենք կարող էինք խուսափել այս պատերազմից, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում, չէինք կարող Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով, քանի որ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, կարող է պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում, կարող ենք հաջողություններ գրանցել պատերազմում, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը և անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին։

Արման Ղուկասյանի համար դեռևս կանխատեսելի չեն Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման արդյունքները, բայց Փաշինյանն իր դիրքորոշումը հայտնել է «ТАСС» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ ասելով, թե Հայաստանը պատրաստ է փոխզիջման, և փոխզիջման մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Եթե Ադրբեջանը համաձայնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան:

Մանրամասները՝ տեսանյութում