«Ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի». Նուբար Աֆեյանը բաց նամակ է գրել

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Moderna ընկերության նախագահ Նուբար Աֆեյանն ամերիկյան The New York Times թերթի՝ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ռեպորտաժին պատասխանել նամակ է գրել։

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ «էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումների սրման մասին թերթի ռեպորաժը սարսափով է լցրել իրեն»։

«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունները, մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումները և մայրաքաղաքի քաղաքացիական բնակչության շարունակվող ռմբակոծությունները վկայում են, որ Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի»,- գրել է Աֆեյանը։

Նրա խոսքով՝ երբ համաշխարհային տերությունները միջամտում են, որպեսզի կանգնեցնեն ծավալվող վայրագությունները, դա ագրեսորներին ազդանշան է ուղարկում այն մասին, որ երկրի բռնակցումը կամ ժողովրդի ու մշակույթի ոչնչացումն անթույլատրելի են։

«Հիտլերը, ծրագրելով զանգվածային ոչնչացման իր ծրագիրը, խորհում էր այն մասին, որ պատմությունը մոռանում է նման վայրագությունների մասին։ Խոսելով օսմանյան թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության մասին՝ նա, ինչպես հայտնի է, հարցրել է․ «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»։ Արդեն շուրջ 30 տարի է, ինչ Հայաստանը գոյություն ունի որպես նորանկախ հանրապետություն, և հայ ներգաղթյալներն ամբողջ աշխարհում, այդ թվում և ես, տասնամյակներ և զգալի ռեսուրսներ ենք ծախսում սոցիալական, տնտեսական և հումանիտար զարգացմանը նպաստելու համար, որպեսզի օգնենք Հայաստանին վերածնվել և բարգավաճել: Աղքատ երկրում, որն արդեն ծնկի է եկել համաճարակի պատճառով, առաջընթացը դանդաղում է։ Արդյոք կմիջամտի՞ Ամերիկան վայրագությունը կանխելու համար»,- գրել է Աֆեյանը։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, նաև քաղաքացիական հիվանդանոց։