Երբ բանակը պատերազմում է տեղի բնակչության հետ, ապա դա ազգի ամբողջական վերացում է. Արցախ այցելած ռուս պատգամավոր

Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը EADaily-ի հետ զրույցում կիսվել է իր ոչ այնքան հաճելի այցի տպավորություններով և ընդգծել, որ Անդրկովկասում շարունակվող բախումները հետխորհրդային տարածքի վրա ՆԱՏՕ-ի անդամի (Թուրքիա) ռազմական հարձակման գրեթե առաջին օրինակն են:

Լրագրողի այն հարցին, թե ինչ է ԼՂ-ում տեսել, պատգամավորը նշել է՝ թուրքական անօդաչուներ, «Իսլամական պետության» վարձկաններ, ադրբեջանցի զինվորներ, Ստեփանակերտի կենտրոնի ռմբակոծություններ, քանդված տներ, հուղարկավորություններ:

Միլոնովը հավելել է, որ ադրբեջանցի զինվորներին մոտիկից չի տեսել. եթե այդ հանդիպումը մոտ լիներ, ապա կամ նրանք իրեն կսպանեին, կամ ինքը՝ նրանց:

«Հրադադարից հետո Ստեփանակերտն առաջին գիշերը չեն ռմբակոծել: Իրականում ադրբեջանցիները որևէ բանակ չունեն: Դա միֆ է «Ինստագրամ»-ում «սելֆի» անելու համար: Նրանց մոտ հիմա մի կողմից Թուրքիայի գլխավոր շտաբի կեսն է նստած, մյուս կողմից՝ հետախուզական և հարվածային իսրայելական անօդաչուները, որոնք այսօր կիրառվում են ոչ միայն Ղարաբաղի տարածքում, այլև անմիջապես Հայաստանի տարածքում: Ես ինքս տեսել եմ այդ անօդաչուները»,- պատմել է պատգամավորը:

Նրա խոսքով, բնակչության 99%-ը հույս ունի, հավատում է, որ Ռուսաստանը կփրկի իրենց նոր ցեղասպանությունից, քանզի այն, ինչ անում է ադրբեջանական բանակը, դա պատերազմ չէ:

«Երբ բանակը պատերազմում է տեղի բնակչության հետ, ապա դա ազգի ամբողջական վերացում է: Ընդհանուր առմամբ, դա 1915թ. օսմանյան ագրեսիայի կրկնությունն է»,-կարծում է Միլոնովը:

Այն հարցին՝ արդյո՞ք ռուսական դիրքերն Անդրկովկասում ուժեղ են, ինչպես նախկինում, ՌԴ-ն ունի՞ այդքան հեղինակություն, որ կարողանա ազդել նման բարդ իրավիճակի վրա, պատգամավորը նշել է, որ իրենք անում են դա, փորձում են: Նրա կարծիքով՝ եթե չլիներ Ռուսաստանը, ապա այնտեղ շատ ավելի վատ կլիներ:

 

«Մենք, սակայն, չպետք է թուլանանք: Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը, որպես միջազգային հանրության անդամ, խաղն ըստ կանոնների է վարում, իսկ Թուրքիան խաղում է առանց կանոնների: Թուրքիան խախտում է բոլոր երևակայելի կանոնները: Սա Հայաստանի և Ադրբեջանի պատերազմը չէ, սա, անկասկած, թուրքական աշխարհաքաղաքական ընդլայնում է և Ադրբեջանի ինքնիշխանության կորուստ, քանի որ այդ հանրապետությունն այժմ վերածվելու է ինչ-որ պրոտեկտորատի: Իսկ Իլհամ Ալիևը, ով այժմ իշխանության ղեկին է, հենց այս պահին իր անձնական խնդիրներն է լուծում, և անում է դա իր սեփական բնակչության հաշվին»,- նշել է ռուս պատգամավորը:

Միլոնովը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպել չի ստացվել: Նրանց կողմից լսվել են միայն սպառնալիքներ, որ իրեն կգտնեն, կգնդակահարեն, կկախեն, ինչպես բոլոր հայերին: Նրա խոսքով՝ դա ադրբեջանական բանակին բնորոշ երևույթների շարքից է՝ խիստ դեմք ընդունել տեսախցիկի առջև՝ զենքը ձեռքին, իսկ վտանգի դեպքում այնպես վազել, որ միայն կրունկները փայլեն:

Իրանի հետ կապված հարցին, Միլոնովը նշել է, որ Թուրքիայի ծրագրերում է կտրել կապը Իրանի և Հայաստանի միջև, քանի որ կան առևտրային կապեր, Իրանից Հայաստան ճանապարհ կա: Խնդիրն է՝ կտրել այդ ճանապարհն ամբողջությամբ և միջանցք բացել դեպի Նախիջևան:

Պատգամավորը նշել է, որ այս այցը բացառապես իր նախաձեռնությունն է եղել: Նա նաև ասել է, որ իր գործընկերներին կառաջարկի անհապաղ ընդունել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններ դիմելու բանաձև՝ արյունահեղության դադարեցմանն աջակցելու համար: