«Պետք է աշխարհը վերջապես հասկանա, որ ամեն ինչ նավթով, գազով ու զենքով չի լուծվում»․ բողոքի ակցիա Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Բազմաթիվ քաղաքացիներ Մատենադարանի հարակից տարածքից քայլերթով գնացել են դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ. նրանք բողոքի ակցիա են արել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի: Նրանց են միացել նաև դերասաններ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

«Արմենպրեսի» տեղեկացմամբ, մասնակիցները պահանջել են, որպեսզի ՄԱԿ-ը համապատասխան արձագանք տա Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։

Ակցիային մասնակցել են դերասան Ռաֆայել Երանոսյանը, հումորիստ Տիգրան Գևորգյանը և այլք:

«Այս ակցիայով փորձում ենք մեր ձայնը բարձրացնել, որպեսզի ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջապես արթնանան: Պետք է աշխարհն էլ վերջապես հասկանա, որ ամեն ինչ նավթով, գազով ու զենքով չի լուծվում: Մենք նաև պետք է հասկանանք, թե ներկայացուցիչներն ինչու չեն այցելում Գորիս, Վարդենիս»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը և հավելել, որ անհրաժեշտության դեպքում ակցիաները շարունակական կլինեն:

Նա նշել է, որ իրենք նամակ են ուղարկել, որտեղ նշված են բոլոր պահանջները, սակայն պատասխան չեն ստացել:

Ակցիայի մասնակիցները բացականչում էին. «Ճանաչում», «Մի եղեք կույր», «Էրդողան, ահաբեկիչ», «Իջեք ներքև» և այլն:

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ առավոտից հավաքված էին նաև արցախցի կանայք` իրենց երեխաների հետ: Նրանց հետ 17:00-ին ըստ նախնական պայմանավորվածության հանդիպում կունենա կառույցի ղեկավար Շոմբի Շարփը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, մանկապարտեզներ, քաղաքացիական հիվանդանոց։