Ուկրաինան Ադրբեջանին զինել ու զինում է, Զելենսկին ստել է, ու, թերևս, ժամանակն է Ղրիմի անկախությունը ճանաչելու

Սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմից ի վեր, Ուկրաինան Ադրբեջանին տեղեկատվական, քարոզչական, քաղաքական ասպարեզներում բանավոր աջակցությունից արդեն տեղափոխվել է դեպի Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությանն անուղղակի մասնակցություն:

«Rusvesna.su»-ն հոկտեմբերի 16-ին «Թաքնված գործողություն. Ուկրաինան դանակով հարվածում է Հայաստանի մեջքին» վերնագրով հրապարակմամբ տեղեկացրեց, որ Ուկրաինան սկսել է Ադրբեջանին մատակարարել զենք, ներառյալ՝ զենիթահրթիռային համակարգ: Գործողություններն իրականացվում են գաղտնի, քանի որ հակաօդային պաշտպանության համակարգերն առաքվում են մարդասիրական օգնության քողի տակ: Մանրամասները հայտնել են ռազմական վերլուծաբաններն իրենց «Եռակցողներ» Telegram- ալիքում:

«Մարդասիրական օգնություն գրանցված բեռը Ուկրաինայից թուրքական Կարասու նավահանգիստ է հասցվել բեռ` ձևակերպված իբրև մարդասիրական օգնություն, բայց նրա պարունակությունը հեռու է խաղաղ լինելուց:

Որպես Ադրբեջանի զինված ուժերին անհատույց օգնություն, Ուկրաինան ուղարկել է С-125-2Д1 զենիթահրթիռային համալիր՝ տասը զենիթային կառավարվող հրթիռներով:

Ադրբեջանին ուկրաինական «մարդասիրական օգնությունը» տեղափոխել է թուրքական SSTEK ընկերությունը: Սա առաջին առաքումն է: Նախատեսվում է Ուկրաինայից առաքել, ընդհանուր առմամբ, այդպիսի հինգ բեռ՝ շուրջ 75 միլիոն եվրո ընդհանուր արժեքով»:

Ըստ վերոնշյալ հրապարակման, «Ուկրսպեցսէքսպորտ» պետական ​​ընկերության կողմից ադրբեջանցի գործընկերներին ուղարկված հրթիռների շահագործման ժամկետը լրացել է 2018թ., և դրանք պիտանի չեն օգտագործման համար:

Ընդգծենք, որ դա այնքան էլ այդպես չէ. շահագործման ժամկետի լրանալը, մանավանդ, որ խոսքն ընդամենը 2 տարվա մասին է, նշանակում է, որ Ադրբեջանին նվիրված С-125-2Д1 «Печора-2Д» զենիթահրթիռային համալիրը (խորհրդային արտադրության С-125-ի ուկրաինական խորն արդիականացված տարբերակը) չի կարող ունենալ երաշխավորված կիրառություն, այսինքն` հրթիռները կարող են շատ հազվադեպ չարձակվել կամ շեղվել թիրախից: Այնուհանդերձ, դրանք նույնպես լուրջ վտանգ են ներկայացնում Արցախի և Հայաստանի ռազմական ավիացիայի համար, թերևս որոշ առումով բացառությամբ մեր Су-30СМ կործանիչների:

Ավելին. С-125-2Д1 «Печора-2Д»-ի նախնական արձակումները կատարվել են 2010թ. սեպտեմբերին: Ըստ դրա մշակողի` «Аэротехника-МЛТ» գիտարտադրական ձեռնարկության (Կիև) տվյալների, С-125 համալիրի արդիականացումից հետո նշանակվում է 15 տարվա ռեսուրս, ձախողումների միջև ընկնում է 1500 ժամ: С-125-2Д1 «Печора-2Д» զենիթահրթիռային համալիրը հագեցած է արբանյակային նավիգացիոն համակարգով, ունի ինտեգրված և ինքնավար տեխնիկական հսկողություն և ինքնավար էլեկտրամատակարարում: Ընդլայնվել է օդային թիրախների ոչնչացման տարածքը. կարող է ոչնչացնել մինչև 25 կմ բարձրության և իրենից մինչև 40 կմ հորիզոնական հեռավորությամբ գտնվող թիրախները:

Եթե С-125-2Д1 «Печора-2Д»-ի նախնական արձակումները 2010 թվականին են եղել և արդիականացված տարբերակները 15 տարվա ռեսուրս ունեն, ապա այն, որ Ադրբեջանին նվիրված համալիրի շահագործման ժամկետը 2018թ. լրացել է, լուրջ կասկածի տակ է հայտնվում:

Նկատի ունենանք նաև, որ վերոնշյալ հրապարակման մեջ խոսքը, ընդհանուր առմամբ, շուրջ 75 միլիոն եվրո ընդհանուր արժեքով ռազմական գործարքի մասին է, որի սոսկ մի մասն է կազմում С-125-2Д1 «Печора-2Д» զենիթահրթիռային համալիրը: Ավելին. մինչ այդ էլ Ուկրաինան Ադրբեջանին վաճառել է մեծաքանակ զենքեր և ռազմական տեխնիկա, հասկանալի է, հայերիս դեմ կռվելու համար: Մասնավորապես, դեռ Ապրիլյան քառօրյայից առաջ վաճառել է 18 միավոր «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տանկեր և այլն:

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին պատերազմի սանձազերծումից հետո Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» իշխանական խմբակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն «Ուկրաինա-24»‰ հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Կիևը «տարբեր հարթակներում» պատրաստ է աջակցել Ադրբեջանին: Ըստ նրա, խոսքն ինչպես մարդասիրական, այնպես էլ ռազմական աջակցության մասին է: Սակայն հոկտեմբերի 2-ին նույնանուն և Ուկրաինայում ղեկավարող կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Մարչենկոյի հայտարարությունները ո՛չ խմբակցության, ո՛չ էլ Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումները չեն:

Նույն օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չեռնովիցկի մարզում կայացած ճեպազրույցում ասել է, որ Ուկրաինայի և Ադրբեջանի միջև վերջին 2 տարվա ընթացքում «շատ լուրջ, ամուր» հարաբերություններ են զարգացել, և որ Ուկրաինան սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Նշված ճեպազրույցում Զելենսկին, այնուհանդերձ, հայտարարել է նաև, որ Ուկրաինան Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի ցուցաբերի:

«Խոսքն այն մասին է, որ Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի որևէ երկրի»,- նկատի ունենալով հակամարտող կողմերին, ասել է պետության ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է «Ուկրաինա-24» հեռուստաալիքով:

«Rusvesna.su»-ի հրապարակած վերոնշյալ բացահայտումներից, սակայն, պարզ է դառնում, որ Զելենսկին ստել է: Չգիտենք` տեղյա՞կ է այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, և եթե տեղյակ է, արդյոք համապատասխան բողոքի նոտա ուղարկե՞լ է Ուկրաինայի ԱԳՆ, բացատրություն պահանջե՞լ է պատերազմի պայմաններում Ադրբեջանին զինելու վերաբերյալ: Հիշենք նաև, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ուկրաինայից Ադրբեջանի կողմում եթե ոչ հազարավոր, հարյուրավոր վարձկաններ էին մասնակցում հայերիս դեմ պատերազմին:

Ըստ էության, Ուկրաինան, ինչպես Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը և 1-2 այլ պետություն, Հայաստանի Հանրապետությանը և Արցախին թշնամի պետություն է, և վաղուց ժամանակն է, որ այս ընկալումն ունենան ու դրանից բխող հետևություններն ու քայլերը կատարեն և մեր ժողովուրդը, և ՀՀ ղեկավարությունը, և մեր պետությունն ամբողջությամբ: Ուկրանիան թշնամի պետություն է նաև մեր ռազմավարական միակ դաշնակցի` Ռուսաստանի համար, ինչպես նաև մեր թշնամի Թուրքիայի բարեկամը: Գուցե Ղրիմի անկախությունը ճանաչելու ժամանակն է` Ռուսաստանից համապատասխան ակնկալություններով ու պայմանավորվածություններով… Անհրաժեշտ է պատերազմի ընթացքում առաջացած նոր պայմաններում վերանայել Ղրիմի անկախությունը ճանաչելուց բխող մեր պետության վնասներն ու օգուտները, և եթե կգերակշռեն օգուտները, անվարան գնալ այդ քայլին:

Հայտնի է նաև, որ Ուկրաինան Ադրբեջանից բացի, զինել է նաև Թուրքիային. 2019թ. թուրքական կողմի հետ կնքել է 30 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր` երկու C-125 զենիթահրթիռային համալիրի մատակարարման համար, «Аэротехника-МЛТ» գիտարտադրական ձեռնարկությունում դրանց արդիականացումից հետո C-125M1 «Печора- M1» մակարդակի, և ենթադրաբար Լիբիայում օգտագործելու համար: 2020թ. հուլիսի 8-ին հայտնի դարձավ, որ ուկրաինական կողմը Թուրքիային վաճառել է C-125 հակաօդային պաշտպանության համալիրի 6 մարտկոց, ենթադրաբար արդիականացված մինչև C-125-2D «Печора- 2D» մակարդակի: Սեպտեմբերի վերջին առաքվել է այդ համալիրների առաջին խմբաքանակը:

Ավելին. ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում ս. թ. հոկտեմբերի 16-ին մի շարք համաձայնագրեր է ստորագրել Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 15-17-ը աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմի տեղեկացմամբ, մասնավորապես, Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության պետական ​​գործակալության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հուշագիր են ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում նախագծերի վերաբերյալ:

«Փաստաթուղթը սահմանում է ռազմանավերի, անօդաչու թռչող սարքերի և բոլոր տեսակի տուրբինային շարժիչների կառուցման համար համատեղ նախագծեր սկսելու և իրականացնելու կողմերի մտադրությունները»,- ասել է Զելենսկին:

Բացի վերոնշյալից, Տարանը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ստորագրել են ռազմական շրջանակային համաձայնագիր, որը, Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղեկացմամբ, իրավական հիմք կստեղծի 21 ուղղություններով այս ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Ավելի վաղ, «Եվրոպեյսկայա պրավդա»-ի հաղորդմամբ, այդ համաձայնագրի նախագիծն ընդունվել է Ուկրաինայի կառավարության նիստում: Փաստաթուղթը, մասնավորապես, սահմանում է համագործակցության ոլորտները, համագործակցության սկզբունքները, գաղտնի տեղեկատվության անվտանգության ռեժիմը, հետախուզական տեղեկատվության փոխանակման կարգը, կողմերից յուրաքանչյուրին ուղարկված մասնագետների գործունեության իրավական կարգավորումը, հնարավոր կորուստների փոխհատուցումը, վեճերի լուծման կարգը և այլն:

Ըստ Զելենսկու, գլխավորը երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համաձայնագրերն են, որոնք «նոր հնարավորություններ են բացում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համար»:

«Դա պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունն է, որը որոշիչ է մեր ռազմավարական գործընկերության զարգացման համար, և ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք այն ավելի ուժեղ ենք դարձրել»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը և ավելացրել, որ «ոչ մի վիրուս չի խանգարի մեր երկրների գործընկերությանը և բարեկամությանը»:

Հարց է, թե Զելենսկին կորոնավիրո՞ւսն է նկատի ունեցել, թե նկատի է ունեցել և ակնարկել Ռուսաստանին:

Արթուր Հովհաննիսյան