«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի առջև պարտավորվել են ԼՂ հակամարտությանը խաղաղ լուծում տալ»․ ԵԽ գլխավոր քարտուղար

Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություններ ունեն Եվրոպայի խորհրդի առջև՝ իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև հանձնառություն են ստանձնել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Երկու երկրները նաև պարտավոր են պահպանել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այդ տարածքում մարդու իրավունքների պահպանումը կենսական կարևոր և իրավական պարտավորություն է»,- ասել է նա։

Մարիա Պեյչինովիչ Բուրիչի խոսքով՝ «անկախ քաղաքականությունից, այնտեղ ապրող մարդիկ պետք է ակնկալեն մարդու նույն իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, ինչ Եվրոպայի ցանկացած այլ բնակիչ։

«Ազգային իշխանությունները պարտավոր են ապահովել դա։ Եվ Եվրոպայի խորհուրդը պետք է անարգել մուտք ունենա այդ տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակը և հնարավորինս օգնել»,- ասել է ԵՄ պաշտոնյան։

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտությունների և տարածքային վեճերի կարգավորումը չի մտնում կազմակերպության լիազորությունների մեջ: Սակայն ընդգծել է, որ մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը դարձրել է այդ պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից մեկը: