Մի խումբ զինծառայողներ փայլուն գործողություն են իրականացրել՝ ոչնչացնելով հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը․ Արցախի ՊԲ

Կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակը: ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գերազանց կերպով համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից: Հաջողված գործողության կազմակերպման ու իրականացման համար մայոր Հովիկ Միրզոյանը, կապիտաններ Արմեն Անդրյանը, Շանթ Հայրապետյանը, Դավիթ Հայրապետյանը, Կորյուն Սողոմոնյանը, ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, շարքայիններ Սամվել Իսախանյանը, Ալիկ Շավերշյանը, Սուրեն Խաչատրյանը, Նորիկ Խաչատրյանը, կրտսեր սերժանտներ Կարեն Պետրոսյանը, Անդրանիկ Արամյանն ու Ալբերտ Ֆարմանյանը, աշխարհազորայիններ Թելման Գաբրիելյանը, Սեյրան Ավագիմյանը, Վարուժան Մանասյանը, Էրիկ Աղաջանյանը և պահեստազորի գնդապետ Մանվել Գրիգորյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով:

Շարունակում են պատրաստության գերազանց մակարդակ դրսևորել նաև ՊԲ-ի հակաօդայինները: Զորատեսակի ներկայացուցիչներից կրտսեր սերժանտ Արամ Աբաղյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սիմոնյանը և շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, շարքից հանելով թշնամական 4 ԱԹՍ, ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:

Տղաները շարունակում են գործել մարտագծի ամենատարբեր հատվածներում և, ամեն օրվա արդյունքներով, բազմապատկել թշնամական կորուստների քանակը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, հիվանդանոցնաև քաղաքացիական հիվանդանոց։