Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը գերակա խնդիրն է, այսօր՝ նաև պաշտպանության միջոց․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի համար հարցը եղել է ավելի քան պարզ՝ գոյութենական անվտանգությունը մեր հայրենակիցների: Այս մասին այսօր Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը առաջնային գերակա խնդիրն է, այսօր դա նաև արտահայտվում է այն փաստով, որ սա նաև պաշտպանության միջոց է և այդ առումով շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության բոլոր գործընկերների հետ: Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հասած համաձայնությանը, այո, մենք շարունակում ենք պնդել, որ ուժի միջոցով այս խնդիրը հանգուցալուծում չի ստանալու»,-ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ թշնամին չի ունենալու ռազմական լուծում, այլ ունենալու են ավելի խորը ճգնաժամ իրենց գործողությունների միջոցով, բայց ոչ պարտադրված որևէ բան Արցախում ազատության մեջ արժանապատիվ և անվտանգ ապրելու հարցում, այդ իրավունքը չի խախտվելու:

Նա նշեց, որ մենք պայքարում ենք մեր հայրենիքի գոյության համար և որևէ բան մեզ հետ չի պահելու: «Մեր գործը լինելու է միջազգային հանրությանը ամենախիստ ձևով ի ցույց դնելու այս բարբարոսության խորությունը, թե ինչի հետ մենք գործ ունենք, որտեղ ցանկացած քաղաքակիրթ նորմեր ենթարկվում են ուղղակի ջախջախման: Սա այս կոնֆլիկտի էությունն է»,-ասաց նա: