Գևորգ Բալայան, Հարություն Վարդանյան, Արմեն Իսրայելյան. նորօրյա հերոսների շարքերը համալրվում են

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել թշնամու դեմ պատերազմում մեր հերոսների նոր սխրանքները:  Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Շարքային Հարություն Վարդանյանն էլ կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում թշնամական 3 տանկ, նույնքանն էլ հետևակի մարտական մեքենա ու կենդանի ուժ ոչնչացնելու համար:

Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները: Ճակատային գծի տարբեր հատվածներում ծավալված թեժ մարտերի ժամանակ, տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար, ինչի շնորհիվ յուրային ուժերը կարողացել են հասնել էական ձեռքբերումների, «Արիության համար» մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը: 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել  է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում Արցախում, նաև քաղաքացիական հիվանդանոց: