Մոնրեալում հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի դիմաց՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը

Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաք Մոնրեալում հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ հինգշաբթի հավաքվել են քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով ԼՂ հակամարտության հարցում քաղաքապետ Վալերի Պլանտի աջակցությունը, գրում է Global News-ը։

Ցուցարարները ցանկություն են հայտնել, որ Պլանտը դատապարտի հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ անի խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։

Հայ համայնքի ներկայացուցիչները նաև կոչ են արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

«Արցախն անկախություն էր խնդրում 30 տարի առաջ, և այժմ մենք խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել դա»,- ասել է Քվեբեկի Հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչ Աբրահամ Նիզիբլյանը՝ հավելելով, որ դա կայուն խաղաղություն ապահովելու միակ միջոցն է:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել  է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում Արցախում, նաև քաղաքացիական հիվանդանոց: