Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մեկնարկել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի աշխատանքային այցը Հայաստան: ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ, Նախարարը Դենիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:

Հունաստանի ԱԳ նախարարին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ու Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նախարար Նիկոս Դենդիասին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Հունաստանի արտաքին գործերի նախարարը նաև շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:

Հիշեցնենք, որ 1996 թվականի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: