Բելգիայի ֆլամանական խորհրդարանն ընդունել է Արցախի դեմ պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև:

«Արմենպրեսի» տեղեկացմամբ, բանաձևում նշվում է, որ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվել է Ադրբեջանի կողմից՝ Ստեփանակերտի ռմբակոծությամբ:

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը:

Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություներն ապակայունացնում են տարածաշրջանը: Այն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի դեմ կռվելու համար սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը: Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից կերպով ներկայացվում է ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը՝ նշելով հետևյալը.

1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Սովետական Ադրբեջանի կազմում

1989-ին ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Սովետական Միության կողմից

1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել

Արցախն ինքնավար երկիր է, 2017-ին Լեռնային Ղարաբաղը Հանրապետեությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը

Մենկաբանելով Բելգիայի ֆլամանական խորհրդարանի բանաձևը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Այս բանաձևը ճիշտ է ներկայացնում հակամարտության պատմական կոնտեքստը և հանգամանքները: Սա շատ ողջունելի է, և կարևոր առաջին քայլ է: Մենք լիահույս ենք, որ միջազգային հանրությունը կհասկանա, որ Արցախի Հանրապետության ճանաչումը ադրբեջանաթուրքական իշխանության և իրենց կողմից օգտագործվող ահաբեկիչ ջիհադիստների ցեղասպան պլանները կասեցնելու անդրժելի նախապայման է»:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել  է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում Արցախում, նաև քաղաքացիական հիվանդանոց: