ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ-ին և Իրանին փոխանցել է Ադրբեջանում վարձկանների առկայության ապացույցները

ՀՀ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության և Իրանի գործընկերներին է փոխանցել քրեական գործերով հաստատված ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերում առկա են վարձկաններ: «Արմենպրեսի»  մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը:

«Դատախազությունը ակտիվ համագործակցում է օտարերկրյա գործընկերների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության ու Իրանի հետ: Նրանց փոխանցել ենք մեր ձեռքի տակ առկա, հաստատված ապացույցներն ու կարելի է ասել ամենօրյա աշխատանքի գրաֆիկով փորձում ենք հնարավորինս անել, որպեսզի քրեական գործերով արդեն իսկ հաստատված այն հանգամանքով, որ վարձկաններ կան Ադրբեջանի զինված ուժերի կազմում, համապատասխան միջոցառումներ իրականացվեն նրանց ներթափանցումը կանխարգելելու, նրանց անձը պարզելու, ինքնությունը հաստատելու, հայտնաբերելու և այլ ուղղություններով»,- ասել է Հարությունյանը:

Վահե Հարությունյանը նշել է, որ արդեն իսկ շուրջ երկու տասնյակից ավելի քրեական գործեր են հարուցվել ինչպես Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, այնպես էլ այլ հանցագործությունների վերաբերյալ:

«Արդեն փաստերը հաստատագրված են, իրականացվում են համապատասխան միջոցառումներ դրանց իրավական գնահատականը լիարժեք տալու, ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին հետամուտ լինելու նպատակով»,- նշել է զինվորական դատախազը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել  է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում Արցախում, նաև քաղաքացիական հիվանդանոց: