«Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն». Սաուդյան Արաբիայում կոչ են արել բիզնեսով չզբաղվել թուրքական ընկերությունների հետ. Al Arabiya

Սաուդյան Արաբիան չպետք է բիզնեսով զբաղվի երկրում թուրքական ընկերությունների հետ, հայտնել է Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը՝ ևս մեկ անգամ կրկնելով իր կոչը՝ բոյկոտել «ամեն թուրքականը», փոխանցում է Al Arabiya-ն:

«Ես դա ասի պարզ և հստակ: Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»,- նշել է Աջլան ալ Աջլանը թվիթերյան հրապարակման մեջ:

Նրա խոսքով՝ իրենք, որպես քաղաքացի և գործարար, ոչ մի գործ չեն ունենա թուրքական բիզնեսի հետ: Սաուդյան արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը կոչ է արել չհամագործակցել երկրում առկա թուրքական ընկերությունների հետ:

Ալ Ալջանը նշել է, որ սա «նվազագույն պատասխանն է», որը սաուդացիները կարող են տալ «շարունակաբար իրենց երկրի և իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վիրավորանքների և թշնամանքների ֆոնին»:

Թուրքական բիզնեսների բոյկոտի մասին կոչը հնչել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել է, թե Արաբական ծոցի մի քանի երկրներ թիրախավորել են Թուրքիային, և հարցականի տակ էր դրել այդ երկրների գոյությունը:

«Չպետք է մոռացվի, որ այս երկրները գոյություն չունեին երեկ և, հավանաբար, գոյություն չեն ունենա վաղը: Ինչևէ, մենք հավերժ կշարունակենք ծածանել մեր դրոշը այս տարածաշրջանում»,- ասել էր Էրդողանը: