Ճանաչենք մեր հերոսներին

Պաշտպանության բանակը հրապարակել է սխրանքներ կատարած մի խումբ զինծառայողների անուններ, որոնք արժանացել են մեդալների.

«Մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքային –պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար:

Ռաֆիկ Օրդոյանը «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի հակառակորդի 3 ԱԹՍ ոչնչացնելու համար: Նույն կարգի մեդալների են ներկայացվել նաև մայոր Արմեն Բախյանը, ավագ լեյտենանտ Գագիկ Ամիրխանյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Բաբայանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Նարեկ Ալավերդյանը մարտական բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հակառակորդ 4 ԱԹՍ շարքից հանելու համար:

Իսկական հերոսին վայել արդյունք է գրանցել հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, ով կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների և սառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը»,-գրված է ՊԲ հայտարարության մեջ: 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։