«Պատերազմական իրավիճակում ի՞նչ հաճախորդ». BBC-ն պատմել է այս օրերին Ստեփանակերտում գործող միակ սրճարանի մասին (տեսանյութ)

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի 63-ամյա բնակիչ Բորյան իր սրճարանը բացել է 20 տարի առաջ: Ներկայում ծավալվող ռազմական գործողությունների ֆոնին այն գրեթե միակ բաց սրճարանն է քաղաքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արցախցու խոսքով՝ այս օրերին իր բոլոր հաճախորդները հիմնականում լրագրողներն են:

«Պատերազմական իրավիճակում ի՞նչ հաճախորդ, միայն լրագրողներն են: Այստեղ մոտակայքում ապաստարան կա: Երբ տագնապի ազդանշան է միանում, գնում ենք այնտեղ: Այսօր մի փոքր հանգիստ էր. տագնապը կար, սակայն ռմբակոծություն չեղավ»,- պատմում է Բորյան:

Սրճարանի սեփականատերը նշել է, որ իր բոլոր թոռներն այժմ դիրքերում են, իր եղբայրների 8-9 որդիները նույնպես դիրքերում են: Առայժմ բոլորի հետ ամեն ինչ կարգին է, միայն կրտսեր թոռից 6-րդ օրն է՝ տեղեկություն չունեն:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։