Արսեն Գաբրիելյանը կարողացել է շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը. ՊԲ

ՊԲ-ն հրապարակել է հերթական հերոսական արարքներ կատարած զինվորների անունները:

Իսկական հերոսին վայել արդյունք է գրանցել հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, ով կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների և սառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը:

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։